«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինը, որը պատրաստվում է Կալինինգրադյան մարզում սենատոր ընտրվել, PBK-ի լրագրողին խնդրել է չվիրավորվել նրանից, որ իրեն SMS-հաղորդագրություն էր ուղարկել «Կորեք գրողի ծոցը, ինձ մոտ խոր գիշեր է» բառերով:

Թղթակիցը փորձել է «Ռուսական երկաթուղիների» նախկին ղեկավարից մեկնաբանություններ ստանալ ՌԴ Տրանսպորտի առաջին փոխնախարար Օլեգ Բելոզերովին իր փոխարեն երկաթուղու պետ նշանակելու վերաբերյալ: 

«Կորեք գրողի ծոցը» արտահայտության համար մի վիրավորվեք, մի քիչ շփոթել էի հեռախոսահամարը, բայց, անկեղծ ասած, երրորդ գիշերն է, որ ձեր գրչակիցները չեն թողնում քնել: Նորանշանակ ղեկավարին չեմ մեկնաբանի. դա նշանակողի գործն է: Բարի գիշեր: Վ. Յ.», -Դաշնության խորհրդի անդամության թեկնածուի հերթական հաղորդագրությունն է մեջբերել РBК-ը:  

Յակունինի հնարավոր պաշտոնաթողության մասին տեղեկությունը հայտնվել էր օգոստոսի 17-ին, իսկ օգոստոսի 20-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Ռուսական երկաթուղու» նոր նախագահ է նշանակել Բելոզերովին: 

Կալինինգրադյան մարզի նահանգապետի պաշտոնակատար Նիկոլայ Ցուկանովը, որն առաջադրվել է նոր ժամկետի համար, Յակունինին ներառել է Կալինինգրադյան մարզից սենատորի երեք թեկնածուների իր ցուցակի մեջ: