Thalys ընկերության Ամստերդամ-Փարիզ երթուղու գնացքի ուղեւորների վրա հարձակում գործած մարդն Իսպանիայում որոշ ժամանակ ազատազրկված է եղել թմրանյութ տեղափոխելու համար:
El Pais-ի տեղեկությունների համաձայն, 26-ամյա մարոկկացի Այուբ Էլ Քահզանին մեկ տարի` մինչեւ 2014-ի մարտը, բնակվել է Ալխեսիրասում, այնուհետեւ տեղափոխվել է Ֆրանսիա: Իսպանացի օրինապահներն իրենց ֆրանսիացի գործընկերներին զգուշացրել են, որ այդ մարդը «շատ արմատականորեն է տրամադրված եւ պոտենցիալ վտանգ է ներկայացնում»: Նա նաեւ բելգիական հատուկ ծառայությունների հսկողության տակ է եղել:
Իսպանական TVE հեռուստաընկերության հաղորդմամբ, Քահզանին կանոնավոր այցելել է այն մզկիթ, որտեղ հավաքվում էին արմատականները, իսկ անցյալ տարվա մարտին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղից էլ ուղեւորվել է Սիրիա, այնուհետեւ դարձյալ Ֆրանսիա է վերադարձել:
Հիշեցնենք, որ մարոկկացին ինքնաձիգից կրակ էր բացել արագընթաց Thalys գնացքում, որն Ամստերդամից Փարիզ էր ուղեւորվում: Երեք մարդ է տուժել: Չարագործին վնասազերծել կարողացել են ուղեւորները, որոնցից երկուսը ամերիկացի զինվորական են եղել:





























