Պետք չէ էներգոհամակարգի բոլոր խնդիրները լուծել էլեկտրաէներգիայի վերջնական սակագնի թանկացմամբ: Այդ մասին օգոստոսի 24-ին մամլո ասուլիսին հայտարարեց ԲՀԿ-ից խորհրդարանի պատգամավոր Միքայել Մելքումյանը: 

Թանկացման պատճառների վերաբերյալ վերջնական պատասխան կտա էներգոհամակարգի աուդիտը, որը կավարտվի 3-4 ամսից, հիշեցրել է նա: Այդ ժամանակ հնարավոր կլինի եզրահանգումներ անել թանկացումների արդարացված լինելու մասին, հավելել է նա: 

Այնուամենայնիվ, 6,93 դրամ թանկացման 2,4 դրամը պայմանավորված էր էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների կորուստներով:   «Այդ կորուստներն ինչո՞ւ ենք մտցնում սակագնի մեջ: Պետք է քննարկել նման քայլի արդարացվածությունը», - հայտարարել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ աղմկալի բողոքի ցույցերից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մինչեւ միջազգային աուդիտի ավարտը, Կառավարությունն իր վրա կվերցնի 6,93 դրամ թանկացման ամբողջ բեռը (եթե թանկացումը հաշվի առնվի, մեկ կիլովատտ/ժամի սակագինը դառնում է մոտ 48,78 դրամ կամ մոտավորապես  10,3 ամերիկյան ցենտ):

Սուբսիդավորումը կշարունակվի մինչեւ միջազգային տենդերի արդյունքում ընտրված Deloitte & Touche CIS-ի կողմից վերլուծության ավարտը, որը մոտ 16 շաբաթ կտեւի:

Եթե ստուգման արդյունքում թանկացումն արդարացի համարվի, սպառողները կսկսեն վճարել նոր սակագնով: Հակառակ դեպքում պետությունը միջոցներ կձեռնարկի «Հայաստանի էլցանցերից» գանձելու հավելավճարը եւ պատասխանատվության կանչելու թանկացման համար մեղավոր պաշտոնյաներին: