Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ բողոքող «S.O.S. Թեղուտ» խումբը դիմել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրանքով՝ համոզել ռուսական «ՎՏԲ» բանկին հրաժարվել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից: Նամակում մասնավորապես, ասվում է.
«Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ողջունում ենք շրջակա միջավայրի անվտանգության եւ կայուն զարգացման վերաբերյալ Ձեր հայտարարած քաղաքականությունը:
Մենք Ձեզ եւ ռուս ժողովրդի հետ միասին վշտակցում ենք Ռուսաստանի Դաշնության կենտրոնական հատվածում մասշտաբային հրդեհների եւ դժվար վերականգնվող անտառային զանգվածների ոչնչացման արդյունքում մարդկային եւ բնական կորուստների համար:
Մեր առջեւ էլ են կանգնած բնական ռեսուրսները կորցնելու մարտահրավերները: Հայաստանում աղետալի տեմպերով անհետանում է անտառը, աղտողտվում են ամենամաքուր ջրի աղբյուրները: Այդ կորուստները կրում է ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ աշխարհը:
Այս առումով Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ռուսական «ՎՏԲ» բանկի գործունեության վրա, որը մտադիր է մոտ 300 միլիոն դոլլարի վարկ տրամադրել Թեղուտի անտառում՝ Հայաստանի ամենավերջին կուսական անտառներից մեկում, պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար:
Անկախ փորձագետները եւ հասարակայնությունը բազմիցս նշել են Թեղուտի նախագծի անհամապատասխանությունը ներպետական եւ միջազգային օրենսդրությանը, նրա տնտեսական անկարողունակությունը, էկոլոգիական անվտանգության սկզբունքների խախտումը, ջրային ռեսուրսների աղտոտումն ու կորուստը, սողանքային գործընթացների առաջացումը բարձր վտանգավորության օբյեկտների՝ պոչամբարի, թունավոր մետաղներ պարունակող լցակույտերի տեղակայման գոտում:
«ՎՏԲ»-ի ղեկավարությունը հրաժարվում է երկխոսության մեջ մտնել հասարակայնության հետ, չի պատասխանում նամակներին, արհամարհում է հասարակական բողոքը՝ դիմելով ուժային մեթոդների:
Մենք նաեւ ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը եւ դրանից բխող այլ որոշումներ ներկայումս վիճարկվում են ինչպես ներպետական դատական ատյաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Մեծարգո պարո՛ն նախագահ, դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ համոզել ռուսական Վնեշտորգբանկին հրաժարվել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից: Դա, մեր համոզմամբ, ներկայիս սոցիալ-տնտեսական հարաբերությունների ոչ դյուրին իրավիճակում կարող է դրական դեր խաղալ մեր երկրների միջեւ վստահության ամրապնդման գործում»:




























