Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը ենթարկվելու է դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության, որին ներկա են լինելու նաեւ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ավետիսյանների փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Միջնորդել էինք, որ դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննություն նշանակվի, բավարարվել է: Միջնորդել էինք, որ Ավետիսյանների փաստաբաններն էլ ներկա լինեն փորձաքննությանը, դա էլ է բավարարվել»,- ասաց փաստաբանը:
Նա հայտնեց նաեւ, որ իրենք արդեն ծանոթացել են ռուսական կողմի անցկացրած փորձաքննությունների եզրակացություններին:
Նշենք, որ չի բացառվում՝ արդեն աշնան վերջին Հայաստանում սկսվի Պերմյակովի դատավարությունը: 9 հատորանոց նյութերն արդեն տրամադրվել են հայ քննիչներին:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:
Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:





























