«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հարազատներին վրդովվեցրել է, որ բուժող բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, վերադարձել է աշխատանքի:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մերիի եղբայրը՝ Մարտին Մարգարյանը, նշեց, որ տնօրինությունը նույնիսկ չի սպասել դատաբժշկական փորձաքննության պատասխանին:
«Մեզ համար անհասկանալի է Շուշանիկ Բախշյանի լռությունը, մի բան էլ՝ երեսը պնդել եւ գործի է գնացել: Այսքանից հետո կարելի է եզրակացնել, որ բժշկական կենտրոնի ղեկավարությունը սխալ մարդկանց են նշանակվել: Հակառակ դեպքում, գոնե տնօրենն ու փոխտօրենը անմիջապես կիմանային քրոջս ծանր վիճակի մասին, ոչ թե միայն «Էրեբունի» տեղափոխելու օրը»,- ասաց Մարտին Մարգարյանը:
Նա հայտնեց, որ քրոջ մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխանը, ըստ օրենքի, պետք է ստացվի մինչեւ սեպտեմբերի 10-ը: Եզրակացության պատասխանից հետո Մարգարյանները կհայտնեն իրենց հետագա անելիքների մասին:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:
Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։ Գործով մեղադրյալ դեռեւս չկա:





























