Հիվանդին սխալ ներարկում կատարելու պատճառով միջին ծանրության վնասվածք հասցնելու համար մեղադրվող ակնաբույժ Աննա Գասպարյանի պաշտպանի միջնորդությունը` գործում լրացուցիչ վկաներ հարցաքննելու վերաբերյալ, դատարանը մասնակի բավարարել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Վարդուհի Էլբակյանը։ Նա նշեց, որ որպես վկաներ հարցաքննվելու են Երևան քաղաքի գլխավոր ակնաբույժ Արտաշես Զիլֆյանը, ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը և «Նորմեդ» բժշկական կենտրոնի ակնաբույժ, պրոֆեսոր Ալլա Հովհաննիսյանը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին։
Նշենք, որ տուժող Աննա Կնյազյանը պնդում է, որ ակնաբույժ Աննա Գասպարյանն իրեն սխալ ներարկում է արել, ինչի հետեւանքով իր աչքը այտուցվել է եւ շլացել։ Կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է, որ տուժողի մոտ առողջական խնդիրներն առաջացել են սխալ ներարկման պատճառով։ Ամբաստանյալը, սակայն, պնդում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, իսկ փորձաքննության արդյունքների հետ համաձայն չէ։
Ըստ մեղադրական եզրակացության`Աննա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Աննա Կնյազյանի առողջությանն անզգուշությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար: Աննա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին մասով, որը պատժվում է երեք ամսվա ազատազրկմամբ կամ նվազագույն աշխատավարձի 100–200–ապատիկի չափով տուգանքով։





























