Մայր Աթոռի Ս. Տրդատի բաց խորանում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, մեկնարկել է մյուռոնօրհնեքի արարողությունը, որի պատրաստությունները սկսվել են դեռեւս 40 օր առաջ:

Սրբալույս հեղուկի օրհնության առթիվ կայանալիք միջոցոռումները կշարունակվեն նաեւ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին:
Մասնավորապես, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկատարվի բարեխոսական կարգ եւ շրջայց:

Ժամը 12:00-ին Մայր Տաճարի առջեւ` Գարեգին Ա Կաթողիկոսի շիրիմի մոտ, նախատեսվում է Հայրապետի հոգեհանգստյան աղոթք:
Ժամը 12:30-ին Մայր տաճարի շրջափակում տեղի կունենա «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացումը, իսկ 13:30-ին, կրկին Մայր տաճարի շրջափակում, կկատարվի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Խաչքարերի օրհնություն եւ օծում:
Ժամը 15:00-ին Գեւորգյան ճեմարանում կբացվի «Սրբալույս Մյուռոն» խորագրով կերպարվեստի ցուցահանդես:  

Միջոցառումները կամփոփվեն Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի նախասրահում կայանալիք «Հայոց Եկեղեցին միջազգային փոստային բացիկներում» լուսանկարների ցուցահանդեսով (որին կհաջորդի մյուռոնի օրհնությանը նվիրված համերգային ծրագիրը) եւ Մայր Աթոռի «Ալեք եւ Մարի Մանուկյան» Գանձատանը կայանալիք Սրբալույս Մյուռոնին նվիրված նամականիշերի մարման արարողությամբ: 

Նշենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի ժամանակներից ի վեր Սուրբ Մյուռոնի (օրհնված կարագ կամ յուղ) օրհնությունը վերապահվում էր միայն Եկեղեցու նվիրյալ հովվապետին` Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Սուրբ Մյուռոնօրհնեքը կատարվում է յոթ տարին մեկ անգամ: Սփյուռքի տարբեր թեմերից ուխտագնացների խմբեր, ինչպես նաեւ աշխարհի տարբեր ծայրերից հավատացյալներ են ժամանում Հայաստան` այս կարեւոր իրադարձությանը ներկա գտնվելու համար:

Շնորհաբեր ու քաղցրաբույր մյուռոնը Ամենայն Հայոց Հայրապետությունից ուղարկվում է բոլոր թեմերին ու եկեղեցիներին: Հնուց ի վեր սա միջոց էր ծառայում պահելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսության հեղինակությունը` որպես բացառիկ ուխտ հայ հավատացյալ հոտի հետ: Սուրբ մյուռոնն օգտագործվում է մկրտության եւ դրոշմի խորհրդի ժամանակ, հոգեւորականների ձեռնադրության, եպիսկոպոսների եւ հոգեւորականների օծման, ջրօրհնեքի արարողության, ինչպես նաեւ նոր եկեղեցիների եւ պատկերների օծման ժամանակ:

0րհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում եւ ծածկվում նրբահյուս շղարշով։ Հնում այն ծածկվում էր յոթ շարք շղարշով։ Քառասուն օր շարունակ, երեկոյան ժամերգությունից հետո, հոգեւոր պաշտոն է կատարվում՝ շարականներով, աղոթքներով եւ սուրբգրային ընթերցվածներով։ Մյուռոնօրհնեքի նախատոնակին՝ գիշերը, հսկում է կատարվում, իսկ հաջորդ օրը լինում է օրհնության հանդիսավոր շնորհաբաշխությունը։

Առավել հին շրջանում Մյուռոնօրհնեքը տեղի էր ունենում Ավագ Հինգշաբթի։ Վերջին երկու-երեք դարերում այժմյան խմբագրությամբ կանոնակարգված «Մաշտոցները» հրահանգում են օրհնությունը կատարել Ավագ Հինգշաբթի, Հոգեգալստյան տոնին կամ էլ պատշաճավոր որեւէ մեկ այլ օր։ Հաշվի առնելով, որ օրհնության ժամանակ տարբեր կողմերից մեծաթիվ ուխտավորներ են գալիս եւ նկատի ունենալով Արարատյան դաշտի եղանակային յուրահատկությունները եւ համանման մի շարք գործոններ՝ վերջին հարյուրամյակում Մյուռոնի օրհնությունը սովորաբար կատարվում է աշնանը։