Արեւմուտքում բիզնես-ինկուբատորի փորձը հաջողությամբ փորձարկվել է: Հայաստանում դրա միայն մեկ, բայց միանգամայն հաջող օրինակ կա՝ ՏՏ ոլորտում աշխատող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: Ընդ որում, այն ոչ միայն օգնում է աճել նոր ձեռնարկություններին, այլեւ ոլորտի քաղաքականության հարցեր է բարձրացնում: Դրանց թվում են 2015 թվականից գործող սկսնակ ՏՏ ձեռնարկություններին «հարկային արձակուրդի» տրամադրումը: Իսկ ի՞նչ անեն, ասենք, հացթուխները կամ դերձակները: Այս մասին NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի Ազգային բիզնես-ինկուբատորի գաղափարի նախաձեռնողներից, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Ավագյանի հետ:
Ո՞վ պետք է ղեկավարի նոր ինկուբատորը, եւ որտեղի՞ց կարելի է դրա համար ֆինանսավորում գտնել:
Տնօրենների խորհրդում շատ կօգնեին տնտեսական ոլորտի գերատեսչություններից՝ էկոնոմիկայի, ֆինանսների, գյուղատնտեսության նախարարություններից պետական պաշտոնյաները: Այդ դեպքում նրանք ավելի լավ կտեսնեն բիզնեսի ամբողջ ճանապարհին առաջացող խնդիրները. գրանցում, էլեկտրականության միացում, հարկայինի հետ շփում եւ այլն: Այդպես ավելի դյուրին կլինի նրանց ներկայացնել, թե այդ պահին ո՞ր խնդիրներն են բիզնեսի համար առավել արդիական:
Մենք ակնկալում ենք նաեւ դոնոր կազմակերպությունների, ինչպես նաեւ բիզնեսին աջակցող կազմակերպությունների մասնակցությունը: Նախնական համաձայնություն ունենք Փոքր եւ միջին բիզնեսի աջակցման ազգային կենտրոնի (SME DNS), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF), մեր ասոցիացիայի եւ, հավանաբար, նաեւ Ձեռներեցության աջակցման կենտրոնի՝ EBRD-ի (BSO) հետ: Ցանկանում ենք մասնակցության հրավեր ուղարկել բոլոր այն կազմակերպություններին եւ հիմնադրամներին, որոնք Հայաստանում այսպես թե այնպես սատարում են բիզնեսին. IDeA Foundations, Granatus Ventures եւ այլն:
Ինչպե՞ս են ընտրվելու նախագծերը: Կարո՞ղ է, արդյոք, սկսնակ գործարարը նախագծով գալ ինկուբատոր եւ այն թողնել՝ դիտարկման:
Իհարկե: Դա առաջին տարբերակն է: Կա երկրորդ տարբերակ. գաղափարներ է առաջարկում հենց տնօրենների խորհուրդը: Եվ տարբերակ երրորդ. պետությունը որոշում է մեծացնել հետ մնացող որեւէ ոլորտի ակտիվությունն ու ինկուբատորին առաջարկում է աջակցել:
Տնօրենների խորհրդի մասին պատահաբար չհիշատակեցի. նրանք ոչ միայն կղեկավարեն, այլեւ հենց իրենք կմտածեն ու կփնտրեն: Տեսական օրինակ. ասենք՝ մենք որոշում ենք օգնել Սիրիայից փախստականներին եւ սիրիահայերի խոհանոցից ուտեստների կիսաֆաբրիկատների արտադրության բիզնես-պլան մշակում: Հրավիրում ենք խոհարարների, միավորում մեկ ձեռնարկությունում: Դրանից հետո, մինչեւ բիզնեսը հունի մեջ ընկնի, ընտրում ենք աշխատակիցների կորիզը, որոնց շնորհիվ ձեռնարկությունը շահույթ է ստացել եւ աշխատում է, եւ ձեռնարկության սեփականությունը նրանց ենք փոխանցում:
Բիզնեսը գաղափարի հեղինակներին կամ այն բարեխիղճ իրականացնողներին փոխանցելու փուլը պարտադիր է ինկուբատորի գաղափարում, երբ նրանք արդեն կարող են ինքնուրույն կառավարել բիզնեսն ու շահույթ ստանալ:
Հայաստանում արդեն բիզնեսի աջակցման մի շարք ծրագրեր կան՝ խորհրդատվական, վենչուրային ֆինանսավորման, արտոնյալ վարկավորման: Ի՞նչ կարող է որակապես փոխվել այս ամենը մեկ հարկի տակ հավաքելու դեպքում:
Եթե ազգային ինկուբատորը ստեղծվի այնպես, ինչպես մենք ենք այն պատկերացնում, ապա կհետեւի բիզնեսի ամբողջ շղթային՝ ստեղծումից մինչեւ գործունեության առաջին 2-3 տարիները: Մնացյալ կազմակերպությունները նույնպես շատ օգտակար գործ են անում, բայց դրանք բավականաչափ ռեսուրսներ չունեն, եւ նրանց մանդատը թույլ չի տալիս հետեւել, թե ինչ է կատարվում բիզնեսում աջակցությունից հետո: Հույս ունենք, որ ինկուբատորը, անհրաժեշտության դեպքում, կկարողանա օգնել բիզնեսին իրավական, հարկային, մարքեթինգային հարցերում: Իսկ ձեռնարկությունները մշտական հետադարձ կապ կպահեն ինկուբատորի մենեջերների հետ:
Իսկ ինկուբատորը բիզնեսին կօգնի՞ ինքնուրույն ֆինանսավորում ստանալ շուկայական պայմաններում: Եվ ո՞ր խնդիրն է առավել արդիական. բիզնեսում աշխատանքի ծրագրի բացակայությունը, թե՞ բանկերի ավելորդ զգուշավորությունը:
Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը: Հայաստանում համեմատաբար քիչ են հաջողակ գործարարների դասական օրինակները, որոնք կարող են գաղափարը փողի վերածել: Բազմաթիվ լավ գիտնականներ, ինժեներներ կան, բայց մեծ մասը գործարար հմտություններ չունի: Ահա այստեղ էլ օգնության է գալիս ինկուբատորը: Նա մարդուն ընդունում է որպես հիմնարար արժեք եւ սկսում նրա միջոցով նախագիծ կառուցել:
Բանկերն իրենց հերթին վարկավորման նոր գործիքներ են փնտրում: Սակայն պորտֆելային ներդրումների եւ ակտիվների տեսքով գրավի պրակտիկան մեզանում դեռեւս չի կայացել: Մենք պետք է սովորենք դա: Այստեղ նույնպես ինկուբատորը կարող է շատ օգտակար լինել: Ինկուբատորի մենեջերները կարող են բանկին հիմնավորել, որ լավ գաղափարը չի կորչի, քանի որ սկզբնական շրջանում սկսնակ գործարարի կողքին կլինեն փորձառու մենեջերներ, մարքեթոլոգներ, իրավաբաններ:
2014 թվականի տվյալներով, որը ստացել ենք Ֆինանսների նախարարությունից, արտադրությունում ներգրավված է ՓՄՁ սուբյեկտների միայն 12%-ը, իսկ առեւտրի սուբյեկտների՝ 59%-ը: Համեմատության համար նշեմ. Մեծ Բրիտանիայի փոքր բիզնեսի ֆեդերացիայի տվյալներով, ՓՄՁ-ի ընդհանուր շրջանառությունում առեւտրի մասնաբաժինը 2014 թվականին կազմել է 35%, իսկ Կանադայի արդյունաբերական դեպարտամենտի տվյալներով, ՓՄՁ-ում ներգրավված 11.1 մլն ընկերություններից առեւտրի ոլորտում է 21%-ը:
Սիրիայից ժամանած հայ ձեռներեցների հետ առաջին զրույցներում մեկում նրանք մեզ պատմեցին, թե ինչպես են զարգացրել սեփական արտադրությունը: Իշխանությունները հայտարարել են. «Ձգում ենք գոտիները, բայց, որքանով հնարավոր է, բավարարվում ենք միայն սեփական արտադրությամբ»: Երկիրը դեմքով դեպի արտադրությունն է կանգնել, եւ Սիրիան դարձել է Մերձավոր Արեւելքի արդյունաբերական առաջատարներից մեկը: Նույնիսկ ավտոբուսներն են առանց ներքին հարդարման եւ նստարանների ներկրել՝ բավարարվելով միայն շարժիչով եւ կմախքով, որպեսզի ավելացված արժեքը երկրում մնա: Կարծում եմ՝ մեզ մոտ նույնպես չկա մի բան, ինչը չեն կարող անել մեր արտադրողները: Եվ եթե հիմա անգամ չեն անում, երբ իմանան, որ նորմալ պատվեր կա, 90%-ով կգտնվեն մարդիկ եւ ձեռնարկություններ, որոնք կանեն դա, եւ միանգամայն ընդունելի որակով:
Արտադրությունը տնտեսական անկախության հիմքն է: Դժվար որեւէ մեկը վիճի այս հարցում: Այդ պատճառով էլ ազգային ինկուբատորը պետք է առաջին հերթին թիրախում ունենա արտադրությունը: Առավել եւս, որ այստեղ խնդիրներն ավելի շատ են՝ մաքսայինից եւ հումքի գնումից մինչեւ իրացումը:
Ե՞րբ ինկուբատորը կկարողանա կազմավորվել եւ բացել դռները: Մեկ տարվա ընթացքում դրանում քանի՞ ձեռնարկություն պետք է ընդգրկվի, որպեսզի նախագիծն արդարացնի իրեն:
Հիմա մենք ցանկանում ենք նախագիծն ուղարկել Կառավարություն, այնտեղից արձագանք եւ հավանություն ստանալ: Հույս ունեմ՝ մինչեւ տարեվերջ ինկուբատորի հայեցակարգը պատրաստ կլինի, իսկ դրանից հետո արդեն սեղանին չի մնա:
Այնուհետեւ հարկ կլինի ընտրել ոլորտները: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարելի է բացառել. այստեղ արդեն միանգամայն արդյունավետ գործում է EIF-ը: Կարելի է զբաղվել արտադրության եւ ծառայությունների մնացած բոլոր ոլորտներով, բայց նաեւ առաջնահերթություններ ընտրել: Ասենք՝ թեթեւ արդյունաբերություն, քիմիական, պարենային արդյունաբերություն, բայց առեւտուր՝ ոչ մի դեպքում:
Օրինակ՝ առաջին 3 տարիներին կարելի է ոտքի կանգնեցնել թեթեւ արդյունաբերությունում ձեռներեցությունը, հետո՝ քիմիականում եւ այլն, միաժամանակ ընդունելով նաեւ հեռանկարային այլ նախագծեր: Այդ ընթացքում կարելի է փորձի հիման վրա մանրամասն ուսումնասիրել ոլորտների խնդիրները: Այդպիսի փորձը պետությանը չի խանգարի:
Նույն Ֆինանսների նախարարության տվյալներով, ՓՄՁ-ների կեսը բաժին է ընկնում Երեւանին: Ինկուբատորի համար նշանակություն կունենա՞ ձեռնարկությունների տեղակայման վայրը:
Բացարձակապես: Մենք ցանկանում ենք գործ ունենալ ոչ թե ֆիզիկական ինկուբատորի հետ, որտեղ ամեն ինչ հավաքված է մեկ շենքում, այլ ֆունկցիոնալ, որտեղ բիզնեսին աջակցությունը հասանելի կլինի երկրի ցանկացած կետում: Այդպիսի ինկուբատորը, իհարկե, ավելի բարդ է, բայց ջանքերն ի զուր չեն անցնի. տասնյակ եւ հարյուրավոր մարդիկ ոտքի կկանգնեն:
Զրուցեց Արամ Գարեգինյանը




























