Թուրքիայի Վանի նահանգի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն պահանջել է Ախթամարի Ս.Խաչի բացման ժամանակ գոնե մեկ շաբաթով բացել հայ-թուրքական սահմանը, որպեսզի հայաստանցիները կարողանան առանց դժվարության հասնել Վան։
Զահիր Քանդաշօղլուն նշել է, թե սեպտեմբերի 19-ի Աղթամարի Ս.Խաչի վերաբացումը բոլորի մոտ ոգեւորություն է առաջացրել, քանի այն Թուրքիայի արեւելյան շրջանների համար տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումներին դրական խթան կհանդիսանա։ Քանդաշօղլուն հիշեցրել է, որ ստորագրված հայ-թուրքական արձանագրություններից հետո Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի 40 հոգանոց պատվիրակությունն առաջինն էր, որ այս տարվա մայիսին այցելեց Հայաստան։
Ըստ Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահի՝ սեպտեմբերի 19-ին Վան այցելող հայերը զգալի դժվարություններ կունենան, քանի որ Վրաստանով ճանապարհը բավականին երկար է։ «Վանից Երեւան Իգդիր մաքսակետով 4 ժամ է, սակայն մենք Երեւան հասանք 26 ժամում, քանի որ Վրաստանով ճանապարհը զգալի երկարում է։ Դրա համար լավ կլիներ, որ սեպտեմբերի 19-ից առաջ մեկ շաբաթով ժամանակավոր հայ-թուրքական սահմանը բացվեր եւ հայաստանցիները հեշտ ու մատչելի հասնեին Վան։ Վանի առեւտրա-արդյունաբերական պալատը կոչ է անում կյանքի կոչել դա եւ սպասում է, որ այն դրական արձագանքի կարժանանա»-նշել է Զահիր Քանդաշօղլուն՝ հավելելով, որ Թուրքիան նախկինում կիրառել է տարբեր երկրների հետ սահմանի ժամանակավոր բացումը։
Նշենք, որ մայիսին Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի 40 անդամներ այցելել էին Երեւան, որի ընթացքում մասնակցել էին Երեւանում կազմակերպված միջազգային տուրիզմի ցուցահանդեսի, եւ Երեւանի առեւտրա-արդյունաբերական պալատի հետ կնքել համագործակցության հուշագիր։



























