Հունաստանը շարունակելու է զորավիգ կանգնել Հայ դատին: Այս մասին, հոկտեմբերի 19-ին, Աթենքում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետին ուղեկցել են Հունաստանի Հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաճյանն ու Ազգային վարչութեան ատենապետ Արա Մանկոյանը:
Նորին Սրբությունը նախ ողջունել է Հունաստանի պետության կազմակերպած համագումարը՝ «Կրոնների ու մշակույթների խաղաղ գոյակցությունը Միջին Արեւելքում» խորագրով: Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ տարի առաջ Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է, որ Հունաստանը նման նախաձեռնությամբ հանդես գա՝ շեշտելով արեւելքը արեւմուտքին կամրջող Հունաստանի կարեւոր տեղն ու դերը:
Արամ Ա. Կաթողիկոս բարձր է գնահատել, որ Հունաստանի նախագահի դիրքորոշումը, որը քաղաքական կյանք մուտք գործելուց ի վեր, նեցուկ է կանգնել Հայ դատին եւ այսօր իբրեւ նախագահ շարունակում է նույն կեցվածքը:
Նախագահ Պավլոպուլոսը հայտնել է, թե ինք հարգանք ունի հայ ժողովրդի եւ նրա արդար դատի նկատմամբ, նաեւ վստահեցրել է, որ շարունակելու է զորավիգ կանգնել Հայ դատին: Նախագահը նաեւ դրվատանքով է խոսել Հունաստանի հայ համայնքի մասին, որ իր կարեւոր ներդրումն է բերում երկրի բարգավաճմանն ու զարգացմանը:





























