Հայաստանին կարտոֆիլի դեֆիցիտ չի սպառնում: Օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ սպառողներին հանգստացրեց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, իսկ շուկայում առկա կարտոֆիլի անսովոր թանկությունը պայմանավորեց անձրեւների սեզոնի պատճառով ցանքի ուշացմամբ, ինչպես նաեւ՝ կարտոֆիլի ցանքատարածությունների կրճատմամբ։ Նրա խոսքով, իրացման բարդությունների պատճառով գյուղացիների մի մասը կրճատել է կարտոֆիլի ցանքատարածությունները։

Շուկայի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը ներկայում կարտոֆիլ է ներմուծում Իրանից եւ Վրաստանից, սակայն նախարարը խոստացավ, որ աշնանը լավ բերք է սպասվում եւ կարտոֆիլի ներմուծումները կդադարեցվեն։ Ըստ կանխատեսումների՝ 28,5 հազ. հա-ից այս տարի սպասվում է մոտ 500 հազ. տոննա կարտոֆիլի բերք։ Անցյալ տարի կարտոֆիլ մշակվել է 31 հազ. հա-ի վրա, բերքը կազմել է 593 հազ. տոննա։ Իսկ ռեկորդային համարվում է 2008 թ., երբ հավաքվել է 648 հազ. տոննա կարտոֆիլ։

Ըստ Գ. Ալավերդյանի՝ կարտոֆիլի սպառման նորման 350 հազ. տոննա է։ Սակայն ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պարենային հաշվեկշռի՝ սննդի նպատակով օգտագործվում է արտադրվող կարտոֆիլի մոտ 30 տոկոսը, որը 2009 թ. կազմել է 170 հազ. տոննա։ Այդ նույն աղբյուրի համաձայն՝ ամենաշատը կարտոֆիլն օգտագործվում է որպես անասնակեր՝ մոտ 257 հազ. տոննա։ Բերքի մոտ 20-25 տոկոսը գյուղացիներն առանձնացնում են որպես սերմացու։ Սակայն վնասները ծածկելու նպատակով բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ այս տարի վաճառել են նաեւ սերմացուն, ինչի պատճառով խնդիրներ են ծագել գարնանային ցանքի ժամանակ։