Մոսկվայի բասմանյան դատարանը օգոստոսի 21-ին Arctic Sea բեռնատարի զավթման առնչությամբ բոլոր կասկածյալների կալանքի պատժամիջոց է կիրառել։ Այդպիսով, բոլոր 8 մեղադրվողները գտնվում են կալանքի տակ։ Մինչդեռ, հարուցված գործով մեղադրյալների ութնյակը՝ Եվգենի Միրոնովը (Էստոնիա), Վիտալի Լեպինը (Լատվիա), Դմիտրի Բարտենեւը եւ Անդրեյ Լունեւը (Ռուսաստան), քաղաքացիությունից զուրկ Իգոր Բորիսովը, Դմիտրի Սավինովը եւ Ալեքսեյ Բուլեեւը, ինչպես նաեւ Ալեքսեյ Անդրուշինը, որի քաղաքացիությունը դեռ պարզված չէ, մերժում են ծովահենությանը եւ նավի զավթմանը իրենց մասնակցությունը։

Դատարանում նրանք հայտնել են, որ փոթորիկի պատճառով ստիպված են եղել տեղափոխվել բեռնատար, մինչդեռ, նավի անձնակազմի անդամների խոսքերով, զավթիչները ուժ են կիրառել եւ զենքով սպառնացել են։

Դատավարության ժամանակ մեղադրյալները նաեւ հայտնել են, որ ռուսաստանյան դատարանները իրավասու չեն քննել իրենց առնչվող գործը, որովհետեւ դեպքը տեղի է ունեցել Շվեդիայի տարածքային ջրերում, իսկ բեռնատարը Մալթայի պետական դրոշով էր։ Սակայն դատավորը պարզաբանել է, որ ծովային իրավունքի համաձայն, չեզոք գոտում ծովահենների կողմից զավթած նավը, պատկանում է այն պետությանը, որը ձերբակալել է այդ նավը։

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին կորած Arctic Sea բեռնատարը՝ ռուսական անձնակազմով եւ շուրջ 2 միլիոն արժողությամբ փայտանյութի բեռով, հայտնաբերվել է օգոստոսի 16-ին՝ Ատլանտյան օվկիանոսում՝ Կաբո Վերդե կղզի-պետության մոտակայքում։