Շարունակելու ենք անել ամենը, որպեսզի հայ մանուկները երբեք չհիվանդանան եւ ապրեն առավել առողջ ու անվտանգ: Այս մասին, հոկտեմբերի 24-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպման ժամանակ նշել է Ֆրանսիայի Բուժ դյու Րոն նահանգի սենատոր Ժան Նոել Գերինին, որի հովանավորությամբ եւ Մարսելի «Բարձունք 5165» բարեգործական կազմակերպության ջանքերով 2003-ից Մայր Աթոռում ատամնաբուժարան է գործում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով սենատորին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Բուշ դյու Րոն նահանգի եւ Մայր Աթոռի Ս. Էջմիածնի միջեւ մեկ տասնամյակից ավելի պատմություն ունեցող բարեկամական ջերմ հարաբերություններին:
Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքն է հայտնեց տիար Ժան Նոել Գերինիին` հայ մանուկների առողջության վերականգնմանն ուղղված նրա ազնիվ ջանքերի համար:
Անդրադառնալով ապագա փոխհամագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանում իրագործվելիք սոցիալական ծրագրերին` սենատորը, իր հերթին, հաստատել է, որ շարունակելու է անել ամենը, որպեսզի հայ մանուկները երբեք չհիվանդանան եւ ապրեն առավել առողջ ու անվտանգ:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծու օրհնությունն ու զորակցությունն է հայցել, որպեսզի տիար Գերինիի բոլոր նվիրական իղձերն ու բարի ցանկությունները կյանքի կոչվեն:




























