Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Համացանցի ազատություն-2015» զեկույցի համաձայն՝ Հայաստանը համարվում է համացանցի ազատ հասանելիություն ունեցող երկիր։

Հայաստանը հավաքել է 25 միավոր։  Զեկույցի համաձայն՝ Հայաստանում ինտերնետի ենթակառուցվածքի կայունության բարելավմանը եւ օնլայն կոնտենտի համեմատաբար քիչ  սահմանափակումներին զուգահեռ համացանցի հասանելիության  մակարդակը շարունակվում է բարելավվել։ Համացանցի հասանելիության մակարդակը Հայաստանում 46 տոկոս է։

Բացի այդ, զեկույցում նշվում է, որ քաղաքացիների խմբերը եւ ՀԿ-ներն օգտագործում են օնլայն գործիքները տարբեր քարոզարշավներ կազմակերպելու եւ առաջ տանելու համար։ Դրանք մասնավորապես վերաբերում են 2015թ. կեսին Երեւանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ պայքարի կազմակերպմանը։

Թեպետ Հայաստանի կառավարությունը ընդհանուր առմամբ ձեռնպահ է մնում օնլայն կոնտենտը արգելափակելու կամ հեռացնելու քայլերից, 2015թ. մայիսին գրանցվել է YouTube-ից ոստիկաններին պատկերող երգիծական հոլովակների հեռացման փաստը։ Բացի այդ, 2015թ. մարտին խորհրդարանի անդամներն առաջարկել էին փոփոխություններ կատարել անձնական տեղեկությունների պաշտպանման մասին օրենքում։ Պաշտպանությունը պետք է իրականացվեր հատուկ մարմին ստեղծելու միջոցով, որը լիազորություններ էր ունենալու վերահսկել անձնական տեղեկությունների հասանելիության մասին կառավարության որոշումները։

Համացանցի հասանելիության հետ կապված դժվարությունները գնահատվել են 6 բալ (առավելագույն 25-ից), կոնտենտի սահմանափակումները՝ 10 բալ (35-ից), օգտատերերի իրավունքների ոտնահարումները 12 բալ (40-ից)։

ԱՊՀ երկրների թվում Հայաստանը հարեւան Վրաստանի նման համացանցի ազատ հասանելիություն ունեցող միակ երկիրն է։  Ադրբեջանն ու Թուրքիան մասամբ ազատ համացանց ունեցող երկրների թվում են։

Իրանն ու Չինաստանը աշխարհում ազատ համացանցի հասանելիության իրավունքը ամենից շատ ոտնահարող երկրներն են։ Ռուսաստանը վատթարացրել է դիրքերը՝ հայտնվելով ոչ ազատ համացանց ունեցող երկրների ցուցակում։