Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին թույլ տեսնել եւ խանգարում է Իրանի հետ նրա ծրագրերին: Այս մասին ասված է Stratfor վերլուծական կենտրոնի հրապարակած հոդվածում: Դրանում, մասնավորապես, նշվում է.
«Թեհրանի ու Երեւանի միջեւ հարաբերությունների զարգացում Ռուսաստանն ամենաքիչն է ուզում, հատկապես եթե նա ազդեցություն չի ունենալու այդպիսի նախագծերում:
Տարածաշրջանային էներգետիկ նոր նախագծերը շարունակում են շրջանցել Հայաստանը: Բայց Մոսկվան հենց դա է ուզում՝ իրենից Հայաստանի կախվածությունը: Իսկ Ռուսաստանի հայերը կարող են հայկական քաղաքականության կարեւոր մասնակիցները դառնալ՝ միաժամանակ ծառայելով Մոսկվայի շահերին:
Իհարկե, Կրեմլը չի ցանկանում բացահայտորեն դեմ հանդես գալ Սարգսյանի կառավարությանը, բայց ուզում է օգտագործել Սամվել Կարապետյանին եւ Արա Աբրահամյանին՝ Երեւանի քաղաքականության վրա ազդելու համար, որը ժամանակ առ ժամանակ խառնում է Մոսկվայի հաշիվները:
Միջուկային ծրագրի հարցում Իրանի եւ միջազգային «վեցյակի» համաձայնությունից հետո Թեհրանն անմիջապես սկսեց փաղաքշել Հայաստանին: Իրանը Հայաստանին կարեւոր պոտենցիալ արտահանման միջանցք է համարում իր էներգակիրները վրացական սեւծովյան նավահանգիստ, այնտեղից էլ՝ Եվրոպա հասցնելու համար: Թուրքիայի տարածքով արտահանումն ավելի շահավետ կլիներ, սակայն երկու երկրների միջեւ բարդ հարաբերությունները հայկական երթուղին ավելի նախընտրելի դարձրին:
Սակայն Ռուսաստանը կտրուկ դեմ հանդես եկավ 3.7 մլրդ դոլար արժողությամբ Իրան-Հայաստան երկաթուղու նախագծին (Ռուսաստանը հայտարարեց նախագծի ծախսերը վերադարձնելու դժվարությունների մասին, բայց երբեք այն սխալ չկոչեց, հակառակը, հայտարարեց նախագծին ռուսական մասնակցությունը քննարկելու պատրաստակամության մասին - խմբ.): Հիմա Թեհրանը մտածում է Ադրբեջանի տարածքով երկաթուղու շինարարության հնարավորության մասին, որն ընդամենը 400 մլն դոլար կարժենա:
Երկաթուղու շինարարությունը միակ նախագիծը չէ, որի իրականացումը Ռուսաստանն արգելափակում է: Օգոստոսի 9-ին Հայաստանն ու Իրանը բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության մասին համաձայնագիր ստորագրեցին: Սակայն, հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ, «Գազպրոմ»-ն արդեն այդ գիծը սեփական էներգետիկ արտահանման համար օգտագործելու իրավունք է ձեռք բերել»:





























