Այսօր սեպտեմբերի 1-ն ին՝ Գիտելիքի օրը, Երեւանի նպաստառու ընտանիքների 1474 երեխաներ առաջին անգամ ոտք կդնեն դպրոց: Սեպտեմբերի 1-ին ընդառաջ, նրանց որպես պետական սոցիալական աջակցություն, հատկացվել է 25 հազարական միանվագ նպաստ: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների անապահով ընտանիքների 1-ից 4-րդ դասարան հաճախող 4445 երեխաների բաշխվել են ուսապայուսակներ եւ գրենական պիտույքներ:
Ոստիկանությունը եւս միջոցառումներ է իրականացրել ուսումնական տարվան ընդառաջ: Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը դպրոցամերձ հատվածներում երթեւեկության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Երեւանում ասֆալտապատման ծրագրերով նախատեսված 702 հազար քմ-ից արդեն ասֆալտապատվել է 521 հազար քմ տարածք: Հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել աշխատանքների որակի նկատմամբ:
Բացի այդ, մայրաքաղաքի 85 մանկապարտեզներից 32-ն արդեն ապահովված են անհատական ջեռուցմամբ: Եվս 3 մանկապարտեզներում աշխատանքները կավարտվեն օրերս:



























