Հայերենը չի կարող լինել սոսկ դասական արժեք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանի պետհամալսարանում «Արդի հայերենի հիմնախնդիրներ» երկօրյա միջազգային գիտաժողովի բացման ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շեշտելով, որ գիտաժողովը բնույթով համազգային եւ ակադեմիական է, նախարարը կարեւորել է այն հանգամանքը, որ գիտաժողովն ամենամյա բնույթ է կրելու. «Արդի հայերենի խնդիրները կուտակվել են տարիներով, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ Հայաստանից դուրս:  Լեզվի կարեւորությունը ընդգծելու համար, իհարկե կարելի է մեջբերել դասականներին, հիշատակել գրաբարյան աղբյուրներ եւ ասել, որ հպարտ ենք մեր ազգային ինքնության հենասյունը հանդիսացող լեզվով: Բայց այսօրվա խնդիրն աշխարհի զարգացման ներկա կանոններն հասկանալն ու դրանց համահունչ զարգացում ապահովելն է: Համաձայն վերջին հետազոտությունների՝ հայերենը ներառվել է 50 առավել ազդեցիկ լեզուների շարքում՝ իր տարածվածությամբ, թարգմանչական ծավալով եւ անգամ սոցիալական ցանցերում կիրառմամբ: Առաջին հայացքից սա դրական ցուցանիշ է, որովհետեւ աշխարհում ավելի քան 2000 լեզու կա եւ մենք լավագույն 50-ի մեջ ենք: Հայ մարդու առաջամարտիկ լինելու բնատուր հակումը թույլ  է տալիս ասել, որ սա քիչ է: Խնդիրը մեր  առջեւ ծառացած մարտահրավերներն ընկալելու ազգային գիտակցության  մեջ է: Մարտահրավերները շատ են՝ հայ բանասիրությունը եւ լեզվաբանությունը երիտասարդների համար գրավիչ կրթական եւ գիտական իրողություն չլինելուց սկսած մինչեւ սփյուռքում ոչ հայախոս հայերի ուծացման վտանգը: Հայերենով խոսում է 6 մլն մարդ, մինչդեռ ընդունված է, որ մենք աշխարհում 10 մլն ենք, այսինքն՝ 4 մլն հայ չի խոսում հայրերեն. սա շատ լուրջ մարտահրավեր է, որովհետեւ ոչ հայախոս հայը դառնում է ուծացման թիրախ»,- իր խոսքում նշել է նախարարը:

Ա.Աշոտյանի խոսքով, խնդիրներ կան նաեւ արեւմտահայերենի  պահպանման հետ կապված, սակայն պետք է ընդունել, որ հայրենի ամենալուրջ խնդիրները Հայաստանում են. «Մենք վերջին տարիներին ականատես ենք լինում լեզվի աղավաղման դրսեւորումների հենց հայրենիքում: Ակնհայտ է, որ այստեղ շատ կարեւոր դերակատարում ունի դպրոցը: Մենք խնդիր ունենք դպրոցում հայերենը դարձնել գրավիչ եւ այս հարցի լուծումը պետք է գտնենք  մասնագետների հետ միասին: Թեստային քննությունների փուլում հայերենը դպրոցում դիտվում է որպես չափից ավելի ծանրաբեռնված եւ ավտոմատացված գիտելիքներ պահանջող առարկա: Մեր այսօրվա մանկավարժությամբ չի խրախուսվում հայերենի իմացությունը,  չի բացահայտվում հայերենի իրական հարստությունը, այլ փորձ է արվում  թեստային քննություններով աշակերտի ջանքերը կենտրոնացնել մեխանիկական, անհրապույր  ու տխուր իրողությունների վրա: Այստեղից է սկսվում շատ բան»,- նշել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ լեզվի աղավաղման հարցում դերակատարում ունեն նաեւ ԶԼՄ-ները, քաղաքական եւ հասարակական գործիչները, ովքեր մեծամասամբ չեն պահպանում լեզվի անաղարտությունը: «Բայց միաժամանակ փաստ է, որ հայերենը չի կարող լինել սոսկ դասական արժեք, որը բոլորը գնահատում են շատ բարձր, սակայն չեն կարողանում օգտագործել»,- եզրափակել է նախարարը եւ հույս հայտնել, որ համաժողովը հնարավորություն կտա ձեւավորել գիտական առաջարկություններ, որոնք հետագայում կիրառական նշանակություն կունենան եւ կնպաստեն հայերենի զարգացմանը:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը եւ ԵՊՀ-ն: Նախատեսված են բազմաթիվ լեզվաբանների զեկույցներ՝ Հայաստանից եւ արտերկրից: Գիտաժողովին ներկա են եղել նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ: