Այս կամ այն հարցի հանդեպ պաշտոնյաների վերաբերմունքը երբեմն զարմացնում է:

Իհարկե, գործընթացները դյուրացնելու ձգտումը՝ քաղաքացիների ժամանակը խնայելու նպատակով, ողջունելի է: Բայց երբեմն դա տեղի է ունենում անտրամաբանորեն:

Այսպիսի «որոշումներից» մեկը վերաբերում է անձնական տրանսպորտային միջոցների ամենամյա տեխնիկական զննմանը: Գործող կանոնների համաձայն, տեխզննում ընդհանրապես չի կատարվում:

Փոխարենը քաղաքացիները պարտադիր վճարումներ են կատարում՝ շարժական գույքի հարկ եւ տեխզննման վճար: Սակայն տրանսպորտային միջոցի տեխնիկական որեւէ զննում չի իրականացվում:

Անցյալում տեխզննման գործընթացն ավելի շատ խնդիրներ էր առաջացնում, իսկ հիմա, օրինականացնելով մեքենաների անմիջական զննման պահանջի չեղարկումը, փաստացի վերացվում է կոռուպցիոն տարրը:

Սակայն հարց է առաջանում, ինչո՞ւ տեխզննում կոչել այն, ինչը զննում չի նախատեսում: Թերեւս, ավելի ճիշտ կլիներ տեխզննումը վերանվանել որեւէ հարկատեսակի: Իհարկե, ճանապարհներին անվտանգության հարցերը շարունակում են արդիական մնալ: