Խաբված հարսնացու Քայլի Մանուլաքը հինգկիլոմետրանոց մարաթոն է վազել հարսանեկան զգեստով, հայտնում է ABC News-ը: Ամերիկուհին ավելի քան չորս տարի հանդիպել էր իր փեսացուի հետ: Սակայն արարողությունից մեկ շաբաթ առաջ Մանուլաքի սիրեցյալը նրան տեքստային հաղորդագրություն էր ուղարկել, որում հայտնել էր, որ ամեն ինչ ավարտված է:
Ընկերներն ու ազգականները թույլ չեն տվել, որ հարսնացուն տխրի: Նրան հղում են ուղարկել, որով կարելի է գրանցվել Ֆլորիդա նահանգում՝ Թամփայում Color Fun Fest մարաթոնին մասնակցելու համար: Ըստ կանոնների՝ մրցումների մասնակիցների վրա վազքի ժամանակ գույնզգույն փոշի են լցնում: «Ես բացեցի հղումը ու տեսա, որ լուսանկարներում բոլորը սպիտակ են հագնված»,- պատմում է Մանուլաքը: Նա որոշել է, որ ինքն էլ հարսանեկան զգեստով պետք է մասնակցի մարաթոնին:
Հարսնացուի ընկերուհիները նույնպես ոգեւորված մասնակցել էին մրցումներին, ընդ որում տոնական զգեստներով: Բացի դրանից Մանուլաքին միացել էր նրա մայրը, հայրացուն ու այն կինը, ով կարել էր այդ հարսանեկան զգեստը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ը:
Ամերիկուհին նշել է, ինքը չէր վախենում զգեստը փչացնելուց: «Ես արդեն մոռացել էի զգեստիս մասին: Այն ինձ համար այլեւս գեղեցիկ սպիտակ զգեստ չէր: Ես չէի ծրագրում այն երբեւէ հագնել, հիմա այն խորհրդանշում է ընկերությունն ու աջակցությունը »,- հայտնել է Մանուլաքը:
Խաբված հարսնացուի հարսանեկան զգեստը կմաքրվի ու կփոխանցվի որեւէ մեկին, ու ամերիկուհին հույս ունի, որ դրա դիմացկունությունը կոգեշնչի մարդկանց, ովքեր նույնատիպ իրավիճակում են հայտնվել:





























