Ուրիշներից պակաս չստանալու ցանկությունը ձեւավորվում է վաղ մանկությունում եւ երկրագնդի բոլոր մշակույթներում, մինչդեռ ուրիշներից ավելի շատ ունենալիս անարդարության զգացումն ի հայտ է գալիս անհամեմատ ավելի ուշ եւ ոչ բոլոր ժողովուրդների մոտ: Նման արդյունքներ է արձանագրել երեխաների արդարամտության վերաբերյալ նոր հետազոտությունը, որը հրապարակվել է  Nature ամսագրում:

Ամերիկացի գիտնականներն աշխատել են յոթ երկրում` Հնդկաստանում, Կանադայում, Մեքսիկայում, Պերուում, Սենեգալում, ԱՄՆ-ում եւ Ուգանդայում ապրող 4-ից 15 տարեկան 866 զույգ երեխայի հետ: Երեխաներին պարզ խաղ է առաջարկվել, որտեղ մասնակիցների միջեւ տարբեր եղանակով են բաշխվել կոնֆետները: 

Նույնիսկ ամենավաղ հասակում երեխաները բողոքել են, երբ ուրիշներն ավելի շատ կոնֆետ են ստացել, քան իրենք: Ութ տարեկանում նրանք սկսել են հրաժարվել այն բաշխումներից, որոնցում իրենք ավելի շատ են ստացել, քան ուրիշները: Սակայն արդարամտության սուր զգացում դրսեւորվել է միայն երեք երկրում` Կանադայում, ԱՄՆ-ում եւ Ուգանդայում:  «Մենք քիչ զարմացած չէինք` հայտնաբերելով այնպիսի երեխաների, որոնք պատրաստ էին ի վնաս իրենց զոհաբերել ինչ-որ բան:  Երբ նրանց հարցրեցինք նման որոշման պատճառների մասին, ասացին, որ ուրիշ կերպ արդար չէր լինի»,- նշել է հոդվածի համահեղինակ Փիթեր Բլեյքը, տեղեկացնում է  Lenta-ն:

Ուգանդայի այդ ցուցակում հայտնվելը գիտնականների մեծ զարմանքն է առաջ բերել: Ամենայն հավանականությամբ, աֆրիկացի երեխաները, որոնք մասնակցել էին փորձարկմանը, կանոնավոր կերպով շփվում են արեւմտյան երկրների ներկայացուցիչների հետ եւ նրանցից փոխառել են անգլոսաքսոնական մշակույթին հատուկ արդարության պատկերացումը:

Հոդվածի հեղինակները ենթադրում են, որ արդարության ձգտումը կանխորոշված է երեխաների միջեւ մրցակցությամբ, բարի համբավի կարեւորությամբ, ինչպես նաեւ տվյալ հասարակությունում շուկայական հարաբերությունների զարգացածությամբ:  Հետագայում նրանք նախատեսել են պարզել, թե տարբեր երկրներում չափահասների պատկերացումներն արդարության մասին ինչպես են ազդում երեխաների դիրքորոշման վրա: