Հրազդանում նոյեմբերի 12-ին 21-ամյա Սարմեն Հակոբյանը փորձում էր գազի բալոնի արտահոսքը դադարեցնել, երբ ուժեղ պայթյուն է եղել, ինչի հետեւանքով ինքն ու տան բնակչուհի 68-ամյա Էլզա Մանուչարյանն արվածքներ են ստացել եւ հայտնվել հիվանդանոցում: Օրեր անց հայտնի դարձավ, որ Սարմենն այդ տան բնակիչ չէր, պարզապես փորձել է բանակում ծառայող ընկերոջ տատիկին օգնել:

Պայթյունի պատճառը պարզելու համար արդեն իսկ նշանակվել է փորձաքննություն, բայց թե ով պետք է վերահսկի շուկան՝ նման դեպքերից խուսափելու համար, հայտնի չէ:

2005թ. կառավարությունն ընդունել է «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին որոշում, որտեղ նշված չէ, թե ով է պատասխանատու տներում օգտագործվող գազի բալոնների համար:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում հասարակության մի ստվար զանգված խոհանոցներում օգտագործում է գազի բալոններ, որոնք սկսում են 3 կգ-անոցից: Հատկապես գյուղերում, որտեղ բնական գազ չկա, գազի նման բալոնը պարզապես «փրկություն» է, բայց անուշադրության դեպքում կարող է դառնալ «չարիք», որի համար ոչ ոք պատասխանատու չէ:

Երբ փորձեցինք ճշտել, թե որ պետական մարմինն է պատասխանատու, բախվեցինք հայկական «նորմալ» իրականությանը. վերահսկողություն չկա:

ՏԿԱԻՆ Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի խոսքով՝ նախարարությունը վերահսկման որեւէ գործառույթ չունի:

«Տներում եւ ավտոմեքենաների վրա տեղադրված գազի բալոնները նախարարությունը չի վերահսկում: Տներում օգտագործված բալոնների համար ենթադրում ենք, որ անհատներն են պատասխանատու: Իսկ երբ հրդեհ է առաջանում, այդ ժամանակ մենք առնչվում ենք, ինչպես մյուս պատահարների դեպքում»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը:

Հետաքրքիր է նաեւ, որ Հայաստանում չկա հավատարմագրված մի լաբորատորիա, որը զբաղվում է տան գազի բալոններով:

«Մեր ՊՈԱԿ-ում հավատարմագրվում են լաբորատորիաներ, որոնք փորձարկումներ են իրականացնում: Տան գազի բալոնների մասով մենք չունենք ոչ մի հավատարմագրված լաբորատորիա»,- հայտնեցին Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից:

Նույն նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտն էլ գազի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգ ունի, սակայն ընդամենը դա: Այստեղից մեզ հորդորեցին դիմել Շուկայի վերահսկողության պետական տեսչություն:

Նախարարության լրատվական ծառայությունից, մեզ հայտնեցին, որ իսկապես տեսչությունը զբաղվել տան գազի բալոններով, սակայն արդեն մոտ երկու ամիս է՝ լուծարված է:

«Կառույցը վերագործարկման փուլում է, եւ այս պահին նոր փաստաթուղթ է մշակվում, թե որ գերատեսչությունը ինչի համար է պատասխանատու»,- ասացին նախարարությունից:

Նշենք, որ Շուկայի վերահսկողության պետական տեսչության նպատակն էր  տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ պարենային ապրանքների, ծառայությունների, տեխնիկական կանոնակարգերով եւ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների բացահայտումը, կանխարգելումը եւ վերացումը, ոչ պարենային ապրանքների, ծառայությունների անվտանգության ապահովումը, չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների բացահայտումը, կանխարգելումը եւ վերացումը, ինչպես նաեւ սպառողների իրավունքների պաշտպանությունը:

Նախարարությունից այնուամենայնիվ հայտնեցին, որ իրենց տեսչությունը երբեւէ գործառույթ չի ունեցել՝ այցելելու տներ եւ ստուգելու բալոնների տեխնիկական վիճակը:

Թե երբ պետական մարմինները «կհիշեն» վերահսկողություն սահմանել նաեւ բալոնների նկատմամբ, հայտնի չէ: Չմոռանանք միայն, որ երբ ամռանը սեփական տան վերելակի շահագործման կանոնները չպահպանելու հետեւանքով մահացավ մանկահասակ երեխա, ՏԿԱԻՆ-ը «հիշեց», որ օրենքով չեն վերահսկվում մասնավոր վերելակները եւ որոշեց հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Նույն ամիսներին գազալցակայաններում մեքենաներ պայթեցին, ինչի հետեւանքով մարդկային զոհեր եղան: Հենց այդ ժամանակ կառավարությունը նորից «հիշեց», որ ստուգումներ պետք է անցկացնի գազալցակայաններում:

Աիդա Հովհաննիսյան