Հանքավանում նոյեմբերի  16-ին 3 երիտասարդի սպանությանը նախորդած վիճաբանությունը մեկ ծառ հատելու համար չի եղել: NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված Գալստյան եղբայրների բարեկամներից Հովհաննես Գրիգորյանը, որը ներկայացրեց կատարվածի` տուժած կողմի վարկածը։

Հովհաննես Գրիգորյանը պատմեց, որ դեպքի օրը եղբայրները սպանության մեջ կասկածվողի` Հայրապետի հորը` անտառապահ Գագիկ Գալստյանին բռնեցրել են մեկ տասնյակի հասնող ծառ հատելիս:

«Լքված պանսիոնատը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, Գալստյաններինն է: Երկար ժամանակ է` էդտեղի ծառերը հատում, տանում են: Մի քանի անգամ անտառապահին զգուշացրել են, երդվել ա, որ ինքը տեղյակ չի: Դեպքի օրն էլ տղերքին զանգում, ասում են, որ էլի ծառեր են կտրում իրանց տարածքից: Տղերքը գնում, տեսնում են, որ մեկ տասնյակի չափ ծառ ա կտրված ու մի քանի գրուզավիկ ա կանգնած, ծառերը շարած մեջը»,- պատմեց բարեկամը:

Բարեկամի խոսքով` դրանից հետո վեճ է սկսվել, եղբայրները հարվածել են անտառապահին: Նրա պատմելով` տարածքում նաեւ այլ մարդիկ են եղել, որոնք վեճին չեն խառնվել:

«Ինքը մենակ չէր ծառը հատելու եկել, էլի լիքը մարդիկ կային: Եթե ինքը մեղավոր չէր, էդ մարդիկ էլ կխառնվեին կռվին»,- նշեց նա:

Բարեկաները, այնուամենայնիվ, նորմալ են վերաբերվում, որ եղբայրները ծեծել են անտառապահին` ծառերը հատելու համար:

«Իրենց էդ տարածքից մենակ ծառեր չեն տարել, ամեն անգամ մի բան գողանում էին: Էդ ամեն ինչը ոնց որ կուտակվել էր էդ տղաների մեջ: Ու հիմա էլ ծառերն էին անխղճորեն տանում: Ով էլ մտներ, տեսներ` իր սեփական տարածքից էդքան ծառեր են տանում, գոնե մի ապտակ կտար»,- ասաց նա` նշելով, որ եթե եղբայրներից կրտսերը` Վարդանը, տաքարյուն երիտասարդ էր, ապա ավագ եղբայրը` Վահեն, շատ ավելի զուսպ էր եւ դեպքի ժամանակ փորձել է հանդարտեցնել իրավիճակը:

Հովհաննես Գրիգորյանի խոսքով` անտառապահի որդուն զանգել են վկաներից ոմանք ու դեպքը չափազանցված պատմել, ինչից հետո էլ նա ինքնաձիգով գնացել ու կրակել է մեքենայի վրա, որի մեջ եղբայրներն ու նրանց ընկերն են եղել:

«Դրան ադեկվատ պատասխանը էդ պիտի չլիներ: Եթե հորը ծեծել էին, թող մի 20 հոգու հավաքեր, գնար դեմները փակեր ու քաշեր ծեծեր, ոչ թե երեքին սպաներ»,- ասաց նա:

Ավելի վաղ նշել էինք, որ Հրազդանում նոյեմբերի 19-ին, հողին հանձնեցին 3 երիտասարդներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ի երեկոյան կրակոցներ էին հնչել Հանքավանի «Տաք ջուր» կոչվող տարածքում, ինչի հետեւանքով մահացել էին եղբայրներ 25-ամյա Վարդան եւ 35-ամյա Վահե Գալստյանները, նրանց ընկեր, 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում  նոյեմբերի 17-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել):

Հայրապետ Սեփոյանը ձերբակալված է: Նրա հայրը` Գագիկ Սեփոյանը մարմնական վնասվածքներով գտնվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նա աչքի վնասվածք ունի: