ԱՄՆ-ում Հարթֆորդի եւ Նոր Բրիտանիայի Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Ստեփանոս տաճարը նշել է իր հիմնադրման 90-ամյակը։ Սա ԱՄՆ-ում 2-րդ հնամենի հայկական եկեղեցին է։ Այս մասին գրում է Hartford Courant-ը։

Տոնական միջոցառման կապակցությամբ արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը եւ Նորին Սրբություն եպիսկոպոս Անուշավան Դանիելյանը հայկական եկեղեցում պատարագ են մատուցել։ Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ 301թ. ընդունել է քրիստոնեությունը։ Պատարագին հաջորդել է ցերեկույթ՝ բազմաթիվ մասնակիցներով։ Ընթերցվել են նահանգապետ Դանիել Մալլոյի եւ 6-րդ շրջանի սենատոր Թերի Հերանտանայի շնորհավորական ուղերձները։

Օշական Չոլոյանն ու Անուշավան Դանիելյանը ողջունել են եկեղեցու նոր կնքահայրերին՝ տեր եւ տիկին Կարապետ-Թովմասյաններին՝ Մասաչուսեթսի նահանգից։ Միջոցառման ավարտին երեխաները նվերներ են հանձնել եկեղեցու հոգեւոր հայր Արամ Ստեփանյանին, որպեսզի վերջինս դրանք փոխանցի Հայաստանի որբացած երեխաներին։