Վանաձորցի Մարինե Պարանյանի ու  «Կոնվերսբանկի» միջև ավանդի հետ կապված գործարքներն սկսվել են 2012թ., երբ քաղաքացին որոշել է «Կոնվերսբանկի»  Վանաձորի մասնաճյուղում ավանդ ներդնել 800.000 դրամի չափով՝ հետագայում գումարն ավելացնելու պայմանով: Ավանդը ներդնելուց ամիսներ անց Մարինեն որոշում է  դիմել բանկ՝ ավանդի տոկոսագումարներն ստանալու համար: Ի զարմանս նրա` բանկում տեղեկացնում են՝ ոչ մի լումա չեք կարող հանել, որովհետև ձեր անվամբ վարկ կա ձևակերպված:

«Հետո պարզվեց, որ բանկի գանձապահ Նունե Թունյանը կասսայի պակասորդը ծածկելու համար իմ անունով վարկ է ձևակերպել ու մի քանի օրից մարում տվել»,- NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Մարինեն:

Որոշ ժամանակ անց Մարինեն «Կոնվերսբանկի» հայտարարած արձակուրդային ավանդ ակցիայի շրջանակում իր ու որդու՝ Գնելի անունով 5 մլն-ական դրամ  ավանդ է ներդնում «Կոնվերսբանկի» այս անգամ Լոռի մասնաճյուղում: Բանկի մասնաճյուղը փոխելը, սակայն, քաղաքացուն չի ազատում խնդիրներից:

«Ավանդը դնելուց անցավ մի քանի ամիս, նոյեմբեր ամիսն էր, Նունեն զանգեց, թե՝ կլինի՞ ավանդիդ գումարով մի քանի օրով  վարկ ձևակերպեմ, ասացի՝ հանկարծ նման բան չանես: Թե՝ լավ, չեմ անի: Էլի որոշ ժամանակ անց նորից զանգեց, թե վարկը ձևակերպել եմ, արդեն փակել էլ եմ, կգաս, ստորագրես: Այսինքն՝ ստուգում է եղել, կասսան ստուգել են, որից  հետո վարկը մարել է»,- պատմեց  Մարինեն, հավելելով, որ այլընտրանք չունենալով,  ստիպված գնացել է բանկ ու 2013թ. նոյեմբերի 6-ին ստորագրել հոկտեմբերի վերջին ձևակերպված վարկային փաստաթղթերը:

Այսքանով, սակայն, բանկային խնդիրները չեն ավարտվում:  Մարինեի խոսքով ավելի ուշ խաբեությամբ վարկային պայմանագրերի տակ ստորագրել են տալիս որդուն՝ Տիգրանին, ապա փորձում են նույնը կրկնել նաև իր հետ:

« Նունեն լաց եղավ, աղաչեց, որ համաձայնվեմ, ասում էր, որ 20.000 դրամի փոխարեն հաճախորդին 20.000 դոլար է տվել: Չէի համաձայնվում, բայց ասացին, որ եթե չստորագրեմ ու այդպիսով Նունեին ժամանակ չտամ՝ գումար ճարելու համար, ավանդս էլ կկորցնեմ: Նունեի ու ամուսնու երկար աղաչանքներից հետո համաձայնեցի ընդամենը մեկ ամսվա վարկային փաստաթղթերը ստորագրեմ»,- պատմում է Մարինեն:

 Վարկի ժամկետը լրանալուց ու իր գումարը չստանալուց հետո, երբ Մարինեն սպառնում է, որ դիմելու է դատախազություն, Նունեն նոր առաջարկ է անում.

« Առաջարկեց,  որ վարկ ձևակերպվի իր հարազատների անունով, որի գրավը կհանդիսանա իմ գումարը»:

Տարբեր հարազատների անունով վարկեր են ձևակերպում, ավելի ուշ, սակայն, այդ պայմանագերերը անհետանում են ու Մարինեն կանգնում է  կոտրած տաշտակի առաջ:

Տեսնելով, որ իր գումարն ստանալու  հույս չկա, Մարինեն դիմում է դատախազություն ու պատմում , որ բանկի աշխատակիցների կողմից իր վստահությունը չարաշահելու, խաբելու, համոզելու արդյունքում բանկից իր գումարը կորել է: Հարուցվում է քրեական գործ  քր. օրենսգրքի 178 հոդվածի՝ խարդախություն հատկանիշներով, ապա այս հոդվածը վերաորակվում է 214 հոդվածի՝ պաշտոնական դիրքի չարաշահում: 

«Հոդվածը փոխելը  քիչ էր, պաշտոնական դիրքի չարաշահումն էլ  գցեցին միայն Նունեի վրա, ասացին՝ բանկը կապ չունի ու մի ծիծաղելի էպիզոդով Նունեի մասով առանձնացրեցին ու 325 հոդվածի հատկանիշերով՝ փաստաթղթերի կեղծում,  գործն ուղարկեցին դատարան, դատարանն էլ ժամկետի վաղեմություն կիրառեց»,- դժգոհում է քաղաքացին:

Լոռու մարզի քննչական վարչության  քննիչ Զորիկ 2015թ. սեպտեմբերի 4-ին որոշում է կայացրել, որով որոշել է Նունե Թունյանի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի  «Վանաձոր» մասնաճյուղի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝  հանցակազմի բացակայության հիմքով:

Մարինե Պարանյանի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Ոսկանյանի կողմից այդ որոշումը 17.09.2015թ. բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին, որի կողմից բողոքն ուղարկվել է Լոռու մարզի դատախազի քննարկմանը:

Լոռու մարզի դատախազը բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ այդ որոշումը օրինական է, պատճառաբանված և հիմնավոր, ուստի որոշումը վերացնելու հիմքեր չկան:

«Նշված երկու որոշումներն էլ հիմնավորված, պատճառաբանված ու օրինական չեն»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց փաստաբան Արտակ Ոսկանյանը, որը որոշման դեմ բողոքով  դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Այս  հարցով առաջին դատական նիստը կայացել է նոյեմբերի 20-ին։ Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 1-ին: