Նոյեմբերի 24-ին կարող են բացել կայսր Ալեքսանդր III-ի դամբարանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Պետական արխիվի ղեկավար Սերգեյ Միրոնենկոյի հայտարարությունը:  

Նա նաեւ տեղեկացրել է, որ մասնագետները շարունակելու են գենետիկ հետազոտությունները:

Միրոնենկոյի խոսքով, հետազոտություններն անցկացվում են Մոսկվայում, դրա համար էլ հետագայում մասունքները Սանկտ Պետերբուրգից մայրաքաղաք կտեղափոխեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոմանովների մասունքների հետազոտությունը կավարտվի հուղարկավորության բացառիկ արարողությամբ: 

Ցարական ընտանիքի գնդակահարությունը իրականացվել էր 1918-ի հուլիսի 17-ի գիշերը, Եկատերինբուրգում` Իպատեւի տանը, Բանվորների, գյուղացիների եւ զինվորական պատգամավորների Ուրալի մարզային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ, որը ղեկավարում էին բոլշեւիկները: Մինչ այժմ տեղի ունեցածը պատմական վեճերի առարկա է: Հոկտեմբերին Մոսկվայի եւ ամբողջ Ռուսիայի պատրիարք Կիրիլը կառավարությանն է դիմել` խնդրելով համեմատել  Նիկոլայ II-ի եւ նրա հոր` Ալեքսանդր III-ի մասունքները: Ռուս առաքելական եկեղեցում հավատացած են, որ փորձաքննության  արդյունքները ցարական ընտանիքի մասունքների իսկության անվիճելի ապացույց կդառնան: