Լատվիայի բանկն այսօր՝ նոյեմբերի 24-ին, կատուների պատկերով, 5 եվրո անվանական արժեքով հավաքածուի մետաղադրամ կթողարկի: Այս մասին հաղորդում է Լատվիայի բանկի պաշտոնական կայքը:
925 հարգի արծաթե մետաղադրամը պատրաստվել է լատիշ գրող Ալբերտ Կրոնենբերգի «Հինգ կատուներ» հեքիաթի մոտիվներով: Նշվում է, որ մետաղադրամի դիազայնը մշակել են մանկական գրքերի նկարազարդող Անիտա Պաեգլեն եւ Ջոն Ստրուպուլիսը:
Մետաղադրամի դիմապատկերին մահճակալին պառկած 5 կատուրներն են՝ Մուրիսը, Նյուրիսը, Ինցիսը, Մինցիսը եւ Պունցիսը: Իսկ հակառակ երեսին նույն կատուներն են՝ ձեռքներին գդալներ, հաղորդում է Lenta-ն:
Լատվիայի բանկում նշել են, որ մետաղադրամն այս շարքի առաջին «ծիծեռնակն» է: «Լատիշները միշտ սիրել են ուսանելի հեքիաթները, որտեղ հաղթում է բարին: Այդ ֆոլկլորային ժառանգությունում է թաքնված ժողովրդական իմաստնությունը եւ բարոյականությունը»,-ասված է հաղորդագրությունում:
Լատվիայի բանկում նաեւ նշել են, որ թեեւ մետաղադրամը օրինական վճարման միջոց է, սակայն կասկած են հայտնել, թե այն շրջանառության մեջ հայտնվի, քանի որ մեծ հետաքրքրություն է առաջացրել դրամ հավաքողների մոտ:
Մետաղադրամը թողարկվել է 10 հազար օրինակով:





























