Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության գործով վկաների ցուցմունքներում հակասություններ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին վստահեցրեց սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը՝ անդրադառնալով գործով մեղադրյալ Վաչե Սահակյանի մոր հայտարարություններին: 

«Սուտ հայտարարություններ է անում Վաչե Սահակյանի մայրը: Նույնիսկ Վաչեի սենյակի քնողներն են պատմել քննիչներին, որ տեսել են Վաչեին անկողնում համազգեստով պառկած, գունատված ու շփոթված»,- ասաց Արկադի Բարսեղյանը:

Հոր խոսքով՝ Վաչե Սահակյանն է առաջարկել նամակ գրել Հայկազի անունից, նույն Վաչե Սահակյանն է սենյակից հրապարակ իջեցրել Հայկազին:

«Բոլորը նախաքննական նյութերում կան: Ինչ վերաբերում է փորձաքննություններին, ապա բոլորի եզրակացությունները ես ունեմ: Վաչեի մոր հայտարարությունը, թե համապատասխան փորձաքննություններ են արվել մազից, եղունգից, արյան, բոլորը մաքուր են եղել, իրականությանը չի համապատասխանում: Ես ունեմ եզրակացությունները, որտեղ ամեն ինչ հստակ նշված է, տղաները եղել են ալկոհոլի ազդեցության տակ»,- նշեց Հայկազ Բարսեղյանի հայրը:

Նշենք, որ գործն արդեն դատարանում է: Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Տուժող կողմը գոհ է նախաքննությունից, մեղադրվող կողմը` դժգոհ: Ըստ կուրսանտների փաստաբանների՝ նախաքննությանը բավարար ապացույցներ չեն հավաքվել, որոնք ապացուցում են մեղադրյալների մեղավորությունը: