Մոտ 2,5 ամիս անհետացած եւ նոյեմբերի 2-ին ոստիկանություն ներկայացած՝ Երեւանի «Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, աշխատանքի է վերադարձել: NEWS.am-ի հետ զրույցում, Նելլի Հարությունյանը նշեց, որ այժմ ինքը շատ լավ է, ոչ մի խնդիր չունի, ամեն ինչ հարթվել է:

«Առաջին օրն է, որ եկել եմ աշխատանքի: Ես ոչ մի վատ բան չեմ ասում իմ ամուսնու հասցեին, շատ տհաճ բան ստացվեց, որ մեր ընտանեկան խնդիրն այսպիսի արձագանք ստացավ, քննարկման առարկա դարձավ: Հիմա ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չունեմ, ամեն ինչ լուծված է, ես ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ»,-ասաց Նելլի Հարությունյանը:

Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ  «Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանի անհետացման դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 21-ին Ն.Հարությունյանի ամուսինը՝ Ա.Հարությունյանը, գրավոր հաղորդում է տվել, որ կինը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմանում, դուրս է եկել Երեւան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որեւէ տեղեկություն չկա:

Դեպքի առթիվ  Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքասպանության հասցնելը):

Այնուհետեւ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, քննության արդյունքները քննարկվել են, եւ արարքը վերաորակվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորյալ սպանություն):

Նախաքննությամբ պարզվել է, որ Ն.Հարությունյանը 2007 թվականից Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցի թիվ 24 հասցեում գործող` «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառում զբաղվել է ոսկյա զարդերի առուվաճառքով:

Միաժամանակ պարզվել է, որ վերջինս 2015թ. փետրվար ամսից սկսած վաճառքից հետո գումարները վճարելու պայմանով ոսկյա զարդեր է ձեռք բերել, որի դիմաց դեռեւս ունի գումարային պարտավորություններ:

Նոյեմբերի 2-ին Ն.Հարությունյանը ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա` նախաքննական մարմին: