Տավուշի մարզում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրով 397 աշխատանք փնտրող դարձել է ժամանակավոր զբաղված:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ 2015թ. նոյեմբերի 9-ից Տավուշի մարզում սկսվել է 15.10.2015թ. Կառավարության որոշմամբ հաստատված «Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» փորձնական ծրագրի իրականացումը:

Ծրագրում ընդգրկված է Տավուշի մարզի 44 սահմանամերձ համայնք: Ծրագրերում ընդգրկված գործազուրկների ընդհանուր թիվը 397 է: Ամենամեծ թվով մասնակիցները Իջեւանի տարածաշրջանում են՝ 179, Նոյեմբերյանի տարածաշրջանում մասնակիցների թիվը 120 է, Բերդի տարածաշրջանում՝ 98: Ծրագրում ընդգրկված անձին մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է 7 հազ. դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:

Ֆինանսական միջոցների ամենամեծ չափաբաժինը՝ 22 մլն 045 հազ. 180 դրամ, հատկացվել է Բերդի տարածաշրջանի համայնքների կողմից ներկայացված ծրագրերին: Տավուշի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում ծրագրերին հատկացված ֆինանսական միջոցների չափը համապատասխանաբար կազմել է 18 մլն 976 հազ. դրամ եւ 18 մլն 978 հազ 820 դրամ.:

Ծրագրերի շրջանակներում իրականացվում են դպրոցների եւ մանկապարտեզների տարածքներում պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական, հենապատերի եւ ճանապարհների վերականգնման, համայնքի այգու, գերեզմանատան ցանկապատերի, հուշարձանների տարածքների բարեկարգման, ջրամբարների վերանորոգման, գյուղամիջյան ճանապարհների կոպիճապատման եւ խճապատման, սելավատարների մաքրման ու ամրացման, ցերեկային լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ:

Փորձնական ծրագիրը Տավուշի մարզում իրականացնելը պայմանավորված է մարզի աշխատաշուկայի լարվածությամբ, ինչպես նաեւ՝ ռազմական գործողությունների հետեւանքով մարզի համայնքներին հասցված նյութական վնասներով: Ծրագրի նպատակները երկուսն են՝ գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով մարզում սոցիալական լարվածության մեղմումը եւ համայնքային նշանակության մի շարք խնդիրների լուծումը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 60,0 մլն դրամ է, որն հատկացվել է 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից: Ծրագրի առավելագույն տեւողությունը երկու ամիս է: