Ռուսաստանն Անկարայից սպառիչ բացատրություններ կպահանջի Սիրիայում ռուսական   Սու-24-ի կործանման կապակցությամբ, Թուրքիան «միջազգային սադրանքի» է մասնակցում, «ՌԻԱ Նովոստիին»  ասել է Դաշնության Խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչը: 

«Ռուսաստանը թուրքական կողմից սպառիչ բացատրություններ կպահանջի  միջադեպի կապակցությամբ: Թուրքիան միջազգային սադրանքի է մասնակցում, եթե հավատանք միջադեպի հանգամանքների վերաբերյալ մեր զինվորականների պատմածին, իսկ ես նրանց հավատում եմ», — գործակալությանն ասել է նա:

Երեքշաբթի Սիրիայում կործանվել է ռուսական Սու-24 ինքնաթիռ, ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ դա տեղի է ունեցել երկրից հասցված հարվածի հետեւանքով: Ռուսական գերատեսչության նախնական տվյալների համաձայն, օդաչուները կարողացել են դուրս թռչել ինքնաթիռից, նրանց ճակատագիրը պարզվում է: Պարզվում են նաեւ ռուսական ինքնաթիռի անկման պատճառները:  

Թուրքական կողմն իր հերթին ասել է, որ Սու-24-ը խախտել է Թուրքիայի օդային տարածքը եւ խփվել   F-16 ինքնաթիռների կողմից: Իսկ ՌԴ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ այդ ամբողջ ընթացքում ինքնաթիռը գտնվել է բացառապես Սիրիայի տարածքում, դա արձանագրվել է վերահսկողության միջոցների կողմից: 

Կլինցեւիչի խոսքով, ռուսական պաշտպանական գերատեսչությունը  «իր ինքնաթիռների օբյեկտիվ վերահսկողության» միջոցներ ունի, ինչպես նաեւ «հստակ ապացույցներ կործանման պահին ինքնաթիռի գտնվելու վայրի  մասին»:

«Ուզում եմ նաեւ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ ինքնաթիռը   6 հազար մետր բարձրության վրա էր, իսկ շարժական ԶՀՀ-ներն աշխատում են  մինչեւ 4 հազար մետր բարձրության վրա»: Սենատորի խոսքով, դա կարող է նշանակել, որ ինքնաթիռը խփվել է անշարժ սարքավորման միջոցով, որից, Կլինցեւիչի կարծիքով, գրոհայիններն ու ահաբեկիչները չունեն: 

Կլինցեւիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիան  «սպառազինության առումով ՆԱՏՕ-ի ամենաուժեղ անդամներից է, եւ նրա սպառազինումը տեղի է ունենում ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ»: