Երեւանի Նորք-Մարաշ 9-րդ փողոցի բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան, ժամը 05:00-ի սահմաններում, կրակոցներ են լսել այն տնից, որն այս պահին խուզարկվում է ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցների կողմից:

«Մի քանի ձայն լսեցինք, կրակոցներ էին, արթնացանք, մոտեցանք պատուհանին, այդ պահին մութ էր, ոչինչ չէր երեւում, հետո տեսանք դիմակավորված մարդիկ ներս մտան, ոստիկանության աշխատակիցներն էին»,-լրագրողների հետ զրույցում ասաց խուզարկվող տան հարեւանությամբ բնակվող Հենրիկ Սահակյանը:

Մեկ այլ բնակիչ էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ տունը վարձակալած էր, սակայն՝ ովքեր էին ապրում այնտեղ, հարեւանները տեղյակ չեն:

Նշենք, որ այս պահի դրությամբ փողոցը դեռ փակ է, եւ տան ներսում իրավապահների կողմից գործողություններ են իրականացվում:

Փաստի առնչությամբ արդեն հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն, որտեղ նշված է, որ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկում այսօր` նոյեմբերի 25-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վնասազերծել են մի խումբ զինված մարդկանց: NEWS.am-ին հայտնի էր դարձել, որ այս խմբի մեջ եղել են նաեւ կանայք: Ըստ մեր աղբյուրների` նրանց մեջ կան նաեւ սփյուռքահայեր:

Ըստ մեր աղբյուրների` իրավապահները տուն են մտել` պատը զինտեխնիկայով քանդելու միջոցով: