Հայաստանի վերամշակող գործարանները մրգերի եւ բանջարեղենի ընդունման համար   արդեն  93,5 տոկոսով վճարել են ֆերմերներին: Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:  

Խաղողի առումով այդ ցուցանիշն առայժմ նկատելիորեն ցածր է, մոտ`  62,5 տոկոս: Այնուամենայնիվ, գործարանները ջանում են հնարավորինս արագ մարել պարտքերը:  Պաշտոնյայի խոսքով, գինու եւ կոնյակի գործարանները երախտագիտության են արժանի, որ համաձայնել են գնել այն ամենը, ինչ ֆերմերներն առաջարկել են:  Նրանցից որոշներն ուղղակի չէին հասցնում ամեն ինչ ու միանգամից տեղավորել, դրա համար էլ ստիպված էին լինում աշխատանքները  1 – 2 օրով դադարեցնել: Տարվա սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ մթերվել է 63,7 հազար տոննա միրգ եւ բանջարեղեն կամ  34 տոկոսով ավելի, քան  2014-ին: Բանջարեղեն մթերվել է 43,2 հազար տոննա, մրգեր` 20,5 հազար: Խաղողի 216,8 հազար տոննա է մթերվել կամ 18 տոկոսով ավելի: