Ռուսական բոլոր տուրօպերատորները չեղյալ են համարում չարտերային չվերթները Թուրքիայի Հանրապետություն եւ արդեն դադարեցրել են դեպի այդ երկիր ուղեգրերի  վաճառքը: Այդ մասին տեղեկացրել է Ռուսական տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ   (ՌՏՕԱ) Դմիտրի Գորինը, որի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:  

«Ներկայումս բոլոր տուրօպերատորները չեղյալ են համարում չարտերային չվերթները եւ դադարեցրել են ուղեգրերի վաճառքը: Այն մարդիկ, ովքեր արդեն մեկնել էին, նախատեսվածի պես հանգստանում են, չենք պատրաստվում նրանց ժամանակից շուտ հետ կանչել», — ասել է նա:

Դեպի Թուրքիա  ուղեգրերի վաճառքը դադարեցրել են  TEZ Tour, «Նատալի Տուրս», Coral Travel, «Բիբլիո Գլոբուս» օպերատորները: Բացի այդ,  «Պեգաս Տուրիստիկ» տուրօպերատորը ընդհուպ մինչեւ դեկտեմբերի վերջը դադարեցրել է դեպի Թուրքիայի Հանրապետություն ուղեգրերի վաճառքը:  

Նոյեմբերի 24-ին «Ռոստուրիզմը» զբոսաշրջային ընկերություններին խորհուրդ է տվել ահաբեկչության սպառնալիքով պայմանավորված` դադարեցնել դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքը:  Զբոսաշրջիկներն իրավունք ունեն հետ պահանջել ուղեւորության համար վճարված ամբողջ գումարը: Նույն օրը ՌԴ-ի ԱԳՆ-ն ռուսաստանցիներին խորհուրդ է տվել չեղյալ համարել դեպի Թուրքիայի Հանրապետություն ուղեւորությունները: Գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ այդ երկրում ահաբեկչական սպառնալիքն ավելի փոքր չէ, քան Եգիպտոսում: