Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հինգշաբթի պաշտոնից ազատել է  Աֆղանստանի Ազգային անվտանգության դիրեկտորատի մի շարք աշխատակիցների, որոնք  «թերացել են Կունդուզ քաղաքը պաշտպանելու իրենց պարտականությունները կատարելու հարցում»: Քաղաքը սեպտեմբերին գրավվել էր  «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների կողմից, տեղեկացնում է Reutersգործակալությունը:  

Աֆղանստանի նախագահի քարտուղարության տվյալներով, Գանին ասել է, որ Աֆղանստանի Ազգային անվտանգության տնօրինության աշխատանքը հաջող չի եղել: Պաշտոնից ազատվածների թվում է տեսչության շրջանային ղեկավարներից մեկը: 

«Ես հրամանագիր եմ ստորագրել ԱԱԴ-ի այն բոլոր աշխատակիցների պաշտոնից ազատման վերաբերյալ, որոնք թերանում են իրենց պարտականությունների կատարման հարցում», — ասել է Գանին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գանին  ճշգրիտ չի նշել, թե հատուկ ծառայությունների քանի աշխատակից է պաշտոնանկ  արվելու, սակայն ասել  է, որ նրանցից որոշները կհեռացվեն աշխատանքից, իսկ ոմանք էլ պատասխանատվության կկանչվեն ռազմական օրենսգրքին համապատասխան: