Հայաստանի եզդիները խնդրում են Եվրոպայի խորհրդից օգնել իրենց վերականգնել իսլամիստների գերությունից ազատագրված Շանգալ քաղաքը: Այս մասին «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի ներկայացուցիչները նշել են Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար, դեսպան Նատալյա Վուտովայի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում խորհրդի նախագահ Ամո Շարոյանը դեսպանին խնդրել է օգնել իսլամիստների գերությունից ազատագրված Շանգալ քաղաքը վերականգնելու համար, ազատագրել եզդի կանանց այդ հրեշների ստրկությունից: Ապահովել եզդիների անվտանգությունը իրենց բնօրրանում: Դեսպանը խոստացավ այդ մասին իրազեկել կազմակերպության ղեկավարությանը եւ Եվրոխորհրդի անդամ 47 պետություններին:

Դեսպանը հետաքրքրվեց Հայաստանի եզդիների ապրելակերպով, կազմակերպության գործունեությամբ, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերով:

Հարգարժան դեսպանը հայտնեց, որ Եվրոխորհրդի գրասենյակը պատրաստ է համագործակցել ազգային փոքրամասնությունների ՀԿ-նների հետ:

Հանդիպման վերջում Ա.Շարոյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար: