Այսօրվա սակարկությունների արդյունքում ոսկու գինը վերջին գրեթե 6 տարվա ընթացքում հասել է նվազագույն ցուցանիշին։ Շուկան արդեն 6-րդ շաբաթը անկումով է փակվում դոլարի կայունացման եւ դեկտեմբերին ԱՄՆ Կենտրոնական բանկի տոկոսադրույքի բարձրացման ակնկալիքների ֆոնին։

Ոսկին ուրբաթ ցերեկը վաճառվում էր մեկ տրոյական ունցիայի դիմաց 1067.03 դոլարով, իսկ ԱՄՆ-ում դեկտեմբերյան ֆյուչերսները էժանացել են 3.90 դոլարով եւ կազմել 1066.10 դոլար մեկ ունցիայի դիմաց։Անցյալ շաբաթ ոսկու գինն ընկել էր՝ գրանցելով վերջին 6 տարվա նվազագույն ցուցանիշը՝ 1064.95 դոլար, հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

Չինաստանում ոսկու առքուվաճառքը վերջին օրերին մեծացել է ցածր գնի հաշվին։ Շանհայի ոսկու բորսայում հավելագինը, նոյեմբերի սկզբի համեմատ, 3-4 դոլարից դարձել է 5-6 դոլար։

Հնդկաստանում 4-րդ եռամսյակում ոսկու պահանջարկը ենթադրաբար նվազագույնը կլինի վերջին 8 տարվա ընթացքում՝ պահանջարկի թույլ ներդրումներ եւ երաշտի պատճառով, որի  հետեւանքով նվազել է գյուղացիների եկամուտը, ովքեր ոսկին շահավետ ներդրում են համարում։