Հարավկորեացի հետազոտող Կի Տե Սոնը փորձել է պարզել, թե բարձրահասակ տղամարդկանց կանայք իրենց երջանիկ են զգում արդյոք։ Հետազոտության արդյունքները հեղինակը հրապարակել է Personality and Individual Difference ամսագրում, գրում է The Telegraph-ը։

Գիտնականը եկել է 2 հիմնական եզրակացության։ Առաջինը՝ կանայք, որոնք բարձրահասակ ամուսիններ ունեն, սկզբում իրենց երջանիկ են զգում։ Երկրորդ՝ այդ զգացողությունն ամբողջովին անհետանում է ամուսինների 18 տարվա համատեղ կյանքից հետո։ Իր հետազոտության մեջ գիտնականը ուսումնասիրել է Ինդոնեզիայի 7850 ամուսնացած կանանց տվյալները, հայտնում է Lenta-ն։

Նկատվող կապը կորեացի գիտնական Սոնը բացատրում է կենսաբանական պատճառներով (բարձրահասակ արուները գրավիչ են էգերի համար)։ «Թեպետ հայտնի է, որ կանայք էվոլյուցիոն պատճառներով նախընտրում են բարձրահասակ տղամարդկանց, ոչ մի հետազոտություն չի բացահայտել, թե արդյոք դա ավելի երջանիկ է դարձնում կնոջը»,- ասել է գիտնականը։