«Ռոսսելխոզնադզորը» չի ոչնչացնի թուրքական արտադրության ապրանքները, որոնց ներկրում ՌԴ 2016թ. հունվարի 1-ից արգելվել է։ Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։

Պատժամիջոցների ցանկում հայտնված բեռները, որոնք փորձում են Թուրքիայից Ռուսաստան անցկացնել, հետ կուղարկվեն սահմանից։ Այս որոշումը բացատրվում է այն հանգամանքով, որ Թուրքիան ընդգրկված չէ այն երկրների ցուցակում, որտեղից ներկրվող ապրանքները ենթակա են ոչնչացման, հայտնել են գերատեսչությունից։

ՌԴ տարածքում այդ ապրանքները ոչնչացվել նույնպես չեն պլանավորում։ «Դա արդեն մյուս կողմի խնդիրներն են, թե այդ ապրանքները կվերավաճառեն, թե հետ կուղարկեն։ Սահմանապահ ծառայությունը, Դաշնային մաքսային ծառայությունը, ստուգում են փաստաթղթերը, եւ եթե ապրանքն ապօրինի է, այն հետ են ուղարկում»,- ասել են «Ռոսսելխոզնադզորից»։

Ավելի վաղ գերատեսչության մամուլի քարտուղար Յուլյա Մելանոն «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» բոլոր հիմքերն ունի Թուրքիայից ներկրված ապրանքները ոչնչացնելու համար։