Ամանորին հայերը նախընտրում են մեկնել Դուբայ, հիմնականում՝ ընտանիքներով:

Տուրիստական տարբեր գործակալություններից NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ վերջին տարիներին Դուբայը ամանորյա հանգիստը անցկացնելու բացարձակ առաջատար ուղղությունն է:

Գործակալության աշխատակիցներն այս միտումը պայմանավորում են մատչելի փաթեթներով: Մեկ անձի համար փաթեթն սկսվում է 500 դոլարից, 5 օրից 1 շաբաթ ժամանակով: Ամանորյա փաթեթը ներառում է ավիատոմսը, ապահովագրությունը, տոնական ընթրիքը եւ հյուրանոցի կացության արժեքը: Փաթեթի գինը կախված է հաճախորդի նախընտրություններից:

Հայերն ամանորին մեկնում են նաեւ Եվրոպա, Շրի Լանկա, Գոա եւ Թբիլիսի եւ Արցախ:

Ներգնա առաջատար ուղղություններն են Ծաղկաձորը, Դիլիջանը եւ Ջերմուկը:

Գործակալության աշխատակիցները նկատեցին, որ Ծաղկաձորում ձմեռային արձակուրդ անցկացնելն ավելի թանկ է, քան Դուբայ մեկնելը: Օրինակ՝ Ծաղկաձորում հանգստանալը սկսում է 300-ից 450 հազար ՀՀ դրամից: