Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Սիմսեկը հայտնել է, որ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները վատագույն սցենարի դեպքում Թուրքիային մոտ 9 մլրդ եվրո կարժենան, իսկ ընթացիկ իրավիճակը ամենայն հավանականությամբ կհանգեցնի երկրի արտադրողականության 0,4 տոկոսով նվազմանը, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Սիմսեկը նաեւ պատմել է, որ կառավարությունը կարող է միջոցներ ձեռք առնել իրավիճակի շտկման ուղղությամբ նվազագույն աշխատավարձի ավելացման շրջանակում, չնայած պատրաստ չէ այդ բարեփոխման շրջանակում ստանձնել բոլոր ծախսերը, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան ռուսական տնտեսական պատժամիջոցները նպատակահարմար չի համարում: Ինչպես հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն, տնտեսական պատժամիջոցները կազդեն երկու պետությունների տնտեսության վրա եւ ռուս ժողովուրդը թուրքականից պակաս չի զգա բացասական հետեւանքները:
Ռուսական Սու-24 ռմբակոծիչը թուրքական ՌՕՈՒ-ի կողմից հրթիռահարվել էր եւ ընկել սիրիական Լաթաքիա նահանգում: Դրա համար պատասխանատվությունը ստանձնել են Թուրքիայի իշխանությունները, որոնք Ռուսաստանին մեղադրում են երկրի օդային տարածքը խախտելու համար: Մոսկվան պնդում է, որ ինքնաթիռը թռչում էր բացառապես Սիրիայի տարածքով:




























