Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փակուղու մեջ է հայտնվել՝ նրա համար ծայրաստիճան բարդ է ռուսական օդանավի հետ միջադեպի համար հրապարակային ներողություն խնդրել, քանի որ դրանով իսկ նա կխոստովանի իր թուլությունը: Իսկ եթե նա չընդունի իր սխալը՝ ապա Անկարային լուրջ հետեւանքներ են սպասվում, գրում է Frankfurter Rundschau-ն:
Առայժմ Մոսկվայի պատասխան քայլերը սահմանափակվել են զբոսաշրջությամբ ու արտահանումով, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի օգտագործել իր գլխավոր խաղաքարտերը: Թուրքիան 54 տոկոսով կախում ունի ռուսական բնական գազից, բացի դրանից ՌԴ-ն պետք է կառուցեր առաջին թուրքական ատոմային էլեկտրակայանը: Եթե Մոսկվան որոշի դադարեցնել էներգակիրների մատակարարումները՝ Էրդողանի համար շատ դժվար կլինի դրան որեւէ բան հակադրելը, շեշտում է հոդվածագիրը: Պուտինը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կոշտ քայլեր են ձեռնարկվելու: Ու եթե խոսքը սիրիական հակամարտությունում ռազմական ներկայությունն ուժեղացնելու մասին է, ապա Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ ճգնաժամի էսկալացիան կաճի:
Մոսկվան առանց այդ էլ Էրդողանի բոլոր խաղաքարտերը խառնել է, գրում է պարբերականը: Երբ ռուսական ռմբակոծիչները միջամտեցին Սիրիայի քաղաքացիական պատերազմին, հյուսիսային Սիրիայում անթռիչք գոտի ստեղծելու թուրքական «նախագիծն» ու ԻՊ դեմ բուֆերային գոտի ստեղծելու մտահղացումը ձախողվեցին: Թուրքիայի համար այդ նախաձեռնությունները գրեթե ոչ մի առնչություն չունեին ջիհադականների դեմ պայքարի հետ, դրանք ընդամենը պետք է պաշտպանեին սիրիական քրդերից, որոնք լուրջ սպառնալիք են Էրդողանի իշխանության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























