Բելգիայի պաշտպանության նախարար Սթիվեն Վանդեպուտը հրաժարվում է նախարարության բյուջեից վճարել այն ավելի քան 83 մլն եվրոն, որը երկրի նախորդ կառավարությունը պարտավորվել է ներդնել ՆԱՏՕ-ի գործակալության նոր շենքի կառուցման համար Գաստո բնակավայրում, որտեղ տեղակայված է Եվրոպայում դաշինքի գերագույն հրամանատարության միացյալ զինված ուժերի գլխավոր շտաբը, չորեքշաբթի տեղեկացրել է RTBF հեռուստաընկերությունը` վկայակոչելով թագավորության դաշնային խորհրդարանի ստորին պալատի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Կարոլին Գրոսմանսին:
Լրատվամիջոցների տվյալներով, խոսքն այն շենքի կառուցման մասին է, որտեղ կտեղակայվի ՆԱՏՕ-ի կապի եւ տեղեկատվության գործակալությունը, որի կառուցումը Բելգիայի դաշնային կառավարությունը պարտավորվել է ֆինանսավորել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Պաշտպանության նախարարության գնահատականով այդ նախագծի արժեքը կազմում է 83,2 մլն եվրո, իսկ փորձագետների խոսքերը մեջբերող Գրոսմանսի կարծիքով` 120 մլն եվրո:
«Սթիվեն Վանդեպուտը հրաժարվում է իր բյուջեից միջոցներ տրամադրել գործակալությանը, դրանով իսկ հրաժարվելով պատասխանատվություն ստանձնել նախկին վարչապետի որոշման համար», - ասվում է հաղորդագրության մեջ, որը տեղակայված է RTBF կայքում:




























