Հանրաքվեի կեղծումը ոտնահարում է հայ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը:

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է.

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը, վերլուծելով նոր Սահմանադրության ընդունման գործընթացը եւ ամփոփելով դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի ընթացքում գրեթե բոլոր ընտրատեղամասերում կատարված բազմաթիվ կոպիտ ու բացահայտ ընտրախախտումների վերաբերյալ Ընդդիմության միասնական շտաբի,   քաղաքական եւ հասարակական այլ կազմակերպությունների, դիտորդական առաքելությունների, լրագրողների եւ քաղաքացիների տրամադրած արժանահավատ փաստերը, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական հանրաքվեի անվան տակ իրականում տեղի է ունեցել քաղաքացիների ընտրական իրավունքի համակարգված ոտնահարում:

«Նոր Հայաստան»-ի Քաղաքական խորհուրդը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի տարբերություն արդեն սովորական դարձած ընտրությունների կեղծումից, սերժսարգսյանական վարչախմբի այս վերջին ոտնձգությունը վերաբերում է ոչ թե առանձին կուսակցությունների, քաղաքական գործիչների ու սոցիալական խմբերի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքներին, այլ ամբողջ հայ ժողովրդի եւ Հայաստանի բոլոր քաղաքացիների ինքնորոշման իրավունքին, կատարվածը դիտում է որպես համայն հայության ներկա եւ ապագա սերունդների դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

Ստեղծված բախտորոշ իրավիճակում Հայրենիքում ու արտերկրում ապրող բոլոր հայերին եւ Հայաստանի քաղաքացիներին կոչ ենք անում բռունցքվել ու միասնական ճակատ կազմել  հայոց պետականությունը կազմաքանդող վարչախմբի դեմ՝ զորավիգ լինելով հանուն ազգի ազատ ինքնորոշման իրավունքի Երեւանի Ազատության հրապարակում պայքարող մեր հայրենակիցներին: