Հայ-ադրբեջանական սահմանին վերահսկողությունը հայկական զինուժի կողմից պատշաճ մակարդակով է իրականացվում, սակայն լարվածությունը հասել է գագաթնակետին: Այս մասին այսօր՝  դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ հակառակորդը ականանետերից է կրակում, իսկ դեկտեմբերի 8-ին Արցախի հարավ-արեւելյան հատվածում նաեւ կրակել է տանկից:

«Թեեւ կրակոցները դիպուկ չեն եղել, բայց սա հակառակորդի կողմից իրավիճակի անկայունացման մարտավարություն է: Դա կարող է տարբեր քաղաքական իրադարձությունների պատճառով լինել, օրինակ` նախագահների հանդիպում։ Բացի դրանից, տարածաշրջանի շուրջ եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակն է, որը, շատ դեպքերում հասնում է մեր սահմաններին՝ այն երկրների շահերից ելնելով, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Սեյրան Օհանյանի վստահեցմամբ՝ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ Հայաստանի սահմաններում իրավիճակը վերահսկելի է: Ինչ վերաբերում է այս դեպքի վերաբերյալ միջազգային կառույցներից ականկալվող արձագանքին, ՊՆ նախարարն ասաց.

«Մենք գործ ունենք այնպիսի հարեւանի հետ, որը պարզ մարդկային լեզուն չի հասկանում: Նրանք չեն հասկանում, որ բանակցային գործընթացի հաջողության համար հարկավոր է վստահության մթնոլորտի ձեւավորման համապատասխան մեխանիզմներ ունենալ: Հակառակորդը ոչ միայն հրաժարվում է այդ մեխանիզմներն իրականացնել, այլեւ՝ միջազգային հետաքննությունն անցկացնելուն է դեմ: Միջազգային հետաքննությունը կարող է պարզել, թե որ կողմն է մեղավոր, եւ թիրախային գնահատականներ տալ: Եկել է ժամանակը, որ միջազգային կառույցները լուրջ մտածեն հետաքննության անցկացման մեխանիզմների մասին: Այդ դեպքում հնարավոր կլինի արագ թիրախային գնահատականներ տալ եւ քննադատություններ անել»,-ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ այսօր հեռախոսազրոյց է ունեցել  ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկի հետ: Նա ընդգծեց, որ սահմանին լարվածությունը հանրաքվեի օրերին շարունակվել է, ինչի պատճառով շատ զինծառայողներ չեն կարողացել իրենց քաղաքացիական պարտքը կատարել: