Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված  ՀԱԿ-ի ամենամյա երթին ներկա չէին «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գարեգին Չուգասզյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը, որը եւս չէր միացել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով ՀԱԿ-ի՝ դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրասենյակ երթին, NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ պետք չէ որեւէ ենթատեքստ փնտրել իրենց բացակայության մեջ:

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանը վատառողջ է, Գարեգին Չուգազսյանը անձնական խնդիրներ ունի, իսկ ինքը զբաղվածության պատճառով չի մասնակցել երթին:

«Սեֆիլյանը նախօրդ գիշեր Ազատության հրապարակում հերթապահել է գիշերը, մրսել է, վատառողջ է, Չուգազսյանի եղբոր կինն է մահացել, ես էլ սկզբում կայի, հետո ներողություն խնդրեցի,ասացի որ երթին չեմ մասնակցելու, քաղաքապետարանում գործ ունեի: Իմաստ չկա մութ սենյակում սեւ կատու ման գալ, մանավանդ, որ կատուն այնտեղ չէ»,-ասաց Ավետիսյանը:

Նշենք, որ «Ոչ»-ի ճակատի դեկտեմբերի 7-ի հանրահավաքին ՀԱԿ-ը կոչ էր արել միանալ իրենց այսօրվա երթին,«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակավ ընդունել էր առաջարկը:

ՀԱԿ-ի երթն այսօր ավարտվեց ԿԸՀ-ի դիմաց: Երթին ներկա էին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը:

 «Նոր Հայաստանը», որի կազմում են «Ժառանգությունը» եւ «Հիմնադիր խորհրդարանը» հիշեցրեց, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին, իրենք հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում: Լեւոն Զուրաբյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ չեն որոշել` կմիանան «Նոր Հայաստանի» հանրահավաքին, թե ոչ: