Դեկտեմբերի 10-ին` Բրյուսելում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ Եվրոպական Միության Ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության եւ ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլզբիետա Բիենկովսկան ստորագրել են ԵՄ COSME ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիր, որն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարից:
Եվրոպական Միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տնտեսական համագործակցության խորացման շարունակական ջանքերի արդյունքում Հայաստանը Արեւելյան գործընկերության երկրներից երկրորդն է (Մոլդովայից հետո), որը միանում է COSME-ին: Հայաստանը Ձեռնարկությունների եվրոպական ցանցի անդամ է, ինչը COSME-ի առանցքային բաղադրիչն է: Ձեռնարկությունների եվրոպական ցանցը նպաստում է ՓՄՁ-ների զարգացմանն ու միջազգայնացմանը` ապահովելով հասանելիություն դեպի եվրոպական շուկա եւ նորարարական տեխնոլոգիաներ:
COSME-ն աջակցելու է կանանց ներգրավածությանը ձեռնարկատիրական գործունեության մեջ, նվազեցնելու է ընկերությունների վարչական բեռը եւ բարձրացնելու ԵՄ անդամ չհանդիսացող պետություններում ընկերությունների մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մակարդակը:
COSME-ն Եվրամիության ծրագրերից է, որի նպատակն է 2014-2020թթ. ընկած ժամանակահատվածում ուժեղացնել ՓՄՁ մրցունակությունը եւ կայունությունը` 2.3 միլիարդ եվրո բյուջեով:
Հայաստանը 7-րդ երկիրն է (Մոնտենեգրոյից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Թուրքիայից, Ալբանիայից եւ Սերբիայից հետո), որը չի հանդիսանում Եվրամիության անդամ պետություն, բայց միանում է ծրագրին:



























