Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, 11:30-ի սահմաններում գյուղի բնակիչ 53-ամյա Դավիթ Մանուկյանը անձնական օգտագործման որսորդական հրացանով վնասազերծել է իրեն պատկանող ոչխարների հոտի վրա հարձակվել պատրաստվող գայլին:
NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Մանուկյանը պատմեց, որ առավոտյան գնացել է իր տնից 250 մետր հեռավորության վրա գտնվող անասնագոմ, որտեղ պահում է 100 ոչխար, կերակրել անասուններին եւ վերադարձել տուն: Սակայն ավելի ուշ նկատել է, որ շները տարօրինակ կերպով են հաչում, զգացել է մոտալուտ վտանգը, վերցրել հրացանը եւ գնացել անասնագոմ:
«Հրացանը քցեցի ավտոն, գնացի, տեսա գելը գոմի անկյունից դուրս ա գալիս, ու գնում ա դեպի ոչխարներս, ասեցի՝ բարեւ ձեզ, զխկցրի ու լոշ պառկեց գետնին»,-պատմեց գյուղացին:
Դավիթ Մանուկյանը պատմեց, որ սա գայլերի կողմից առաջին հարձակումը չէ գյուղացիների անասունների վրա: Նրա խոսքով՝ երեք տարի առաջ իր ընկերը եւս վնասազերծել է ոչխարների վրա հարձակվող գայլին, մոտ երկու ամիս առաջ հոշոտել է համագյուղացու մոզին:
«Շատ են վնաս պատճառում գելերը, բայց կենդանիները մեղք չունեն, մենք ենք մեղավոր, իրենք սոված են»,-ասաց գյուղացին:
Թեղենիքի գյուղապետ Մարատ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը խորհուրդ էր տվել Դավիթ Մանուկյանին զգուշանալ գայլերից:
«Խեղճ տղեն վարկ վերցրեց, 100 հատ ոչխար առավ, ասեցի էլ՝ Դավիթ տղա, զգույշ էղի գել-մել չգա, բայց էկավ, ինքն էլ քաջ տղա ա, ժամանակին ա տեղ հասել ու խփել ա»,-ասաց գյուղապետը:



























