ProCredit Bank-ի ձեռքբերումը կօգնի «Ինեկոբանկին» վարկավորել ՓՄՁ-ներին: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հայտարարեց Միջազգային Ֆինանսական կազմակերպության (IFC) Հարավային Կովկասի մենեջեր Յան վան Բիլսենը՝ հանդես գալով միաձուլման գործարքին նվիրված մամուլի ասուլիսին:

Հիշեցնենք, այսօր «Ինեկոբանկը» հայտարարեց  ProCredit Bank-ի բաժնետոմսերի 100%-ի ձեռքբերման մասին: Գործարքի համար բանկը ներգրավեց Միջազգային Ֆինանսական Կազմակերպության (IFC) վարկ՝ 20 մլն դոլարի չափով, ինչպես նաեւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) բաժնետիրական ներդրում՝ 9,8 մլրդ դրամի չափով (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ 20,2 մլն դոլար- խմբ)՝ ստանալով արժեթղթերի 22,7%-ը:

ՓՄՁ-ները տնտեսական ակտիվության հիմքն են. 2014-ին նրանց բաժին է ընկել հանրապետության աշխատատեղերի 42%-ը եւ ՀՆԱ-ի 43%-ը, նշեց վան Բիլսենը:

«Կարծում ենք, որ այս հաջող միաձուլումը կմեծացնի բանկային համակարգի հանդեպ վստահությունը եւ կօգնի ֆինանսական ծառայություններ տրամադրել փոքր ու միջին բիզնեսին», - ասաց նա:

IFC-ն գործակցում է «Ինեկոբանկի» հետ 2006 թվականից, տարբեր ոլորտներում՝ ունենալով բանկի 9,32% բաժնեմաս եւ օգնելով նրան ներգրավել արտաքին միջոցներ առետրային գործարքների ֆինանսավորման համար, հավելեց նա: