Երեւանից Արտաշատ եւ Աշտարակ բետոնե ավտոմայրուղին ծրագրվում է ամբողջությամբ բացել մինչեւ Ամանոր: Դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովում այս մասին հայտնեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Ներկայում 31 կմ երկարությամբ ճանապարհը բաց է երկու երթեւեկելի 2 գծով, սակայն դեկտեմբերի 29-30-ին ծրագրվում է բացել բոլոր 4-ը:
«Ներկայում ավարտում ենք լուսավորության անցկացումն ու ճանապարհային նշագծումը: Հույս ունենք, որ Ամանորին մեր քաղաքացիներին հաճելի անակնկալ կմատուցենք»,- հայտարարեց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ 70.4 մլն դոլար արժողությամբ նշված աշխատանքները ֆինանսավորվել են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության 1-ին տրանշի շրջանակում:
Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում 2-րդ տրանշի շրջանակում՝ Աշտարակ-Թալին հատվածի 42 կմ-անոց հատվածում: Այդ նպատակով 179.6 մլն դոլար կծախսվի:
Ընդհանուր առմամբ, ավտոմայրուղու կառուցման համար շուրջ 960 մլն դոլար կծախսվի, որից 500 մլն դոլարն Ասիական զարգացման բանկի կողմից է:



























